«Զինվում ենք, գնանք դիրքեր, չունենք դիրքեր հանձնելու». սյունեցիները բացեցին Երևան-Գորիս ճանապարհը

Քիչ առաջ բացվեց Երևան-Գորիս ճանապարհը, որը սյունեցիները փակել էին առավոտից: Պահանջում էին անվտանգության երաշխիքներ Սյունիքի համար: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այսքան ժամ կանգնելուց հետո որևէ հստակ պատասխան չստացան:

«Այնքանով է հստակ պատասխանը, որ դավաճանի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործառույթները կատարում է: Մենք ժամանակավորապես կբացենք ճանապարհը, քանի որ անհանգստություն ենք պատճառում նաև մարդկանց:  Ակցիաները լինելու են շարունակական, մինչև չհեռանա նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մի գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից և չհանձնի էդ պոստն էն մարդուն, ով պատասխանատու ձևով կգա և այդ հարցերին լուծում կտա: Անհամբեր սպասում ենք այդ օրվան»,- ասաց սյունեցին:

Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ պնդեց, որ իրենց պայքարն արդար է ու հանուն անվտանգության:

«Մեր պայքարը գոյատևման պայքար է: Սյունիքն ամբողջությամբ անտերության է մատնված, իշխանությունից մի մարդ չկա, որ գա, լսի սյունեցու ձայնը: Եռակողմ պայմանագիրն այլևս դարձել է երկկողմ՝ թուրք և ռուս, չկա Հայաստանից ներկայացուցիչ: Մենք նահանջելու տեղ չունենք: Զինվում ենք, գնանք դիրքեր, չունենք դիրքեր հանձնելու, լավ մնացեք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս