Եթե կողմերը համաձայնեն․ մենք կավելացնենք խաղաղապահների թիվը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա «Մեծ ասուլիս»-ի ընթացքում կարևորեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հրադադարի հայտարարությունը։ Նրա որակմամբ, ամենակարևոր արդյունքը, որը տվել է այդ հայտարարությունը՝ դադարեցրել է մարդկանց մահերը։
«Արյունահեղությունն է դադարել, սա ամենակարևոր բանն է։ Սա սկզբունքային է, մնացած բոլոր հարցերը երկրորդական են։ Մարդկանց կյանքերը և առողջության պահպանումը ամենակարևորն է, ինչը մենք արեցինք։ Բայց այն, որ զինված ուժերը կանգնել են այնտեղ, երբ ստորագրվել է հայտարարությունը, ենթակառուցվածքային բնույթի որոշակի դժվարություններ է առաջացրել, ի դեպ, և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմի համար։ Բայց դա պետք է հանգիստ կարգավորել բանակցային ճանապարհով, քանի որ այդ եռակողմ հայտարարությունը տալիս է դրա համար բոլոր հնարավորությունները և հիմքերը։ Այնտեղ նշված է, որ հրադադարից հետո հաջորդ փուլը պետք է լինի հարաբերությունների լիարժեք կարգավորումը տարածաշրջանում, բացելով ենթակառուցվածքային և տնտեսական ողջ ներուժը, այդ թվում՝ դա վերաբերում է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը, դա վերաբերում է նաև Նախիջևանին, հաղորդակցությանը Հայաստանի Հարավի և Հյուսիսի միջև։ Հրադադարի խախտումը եղել է մեկ անգամ։ Հուսամ, որ հենց միակն էլ կլինի այն, և կհաջողվի այնուամենայնիվ նստել բանակցային սեղանի շուրջ բոլոր պայմանավորվող կողմերին, թող լինի մեր միջնորդությամբ կամ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, դա կարևոր չէ, կարևորը, որպեսզի գործընթացը սկսվի։ Հույս ունենք նաև, որ միջազգային միջնորդները խոսքերից գործի կանցնեն և կսկսեն փաստացիորեն օգնել մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն առաջին հերթին ԼՂ վերադարձող փախստականներին, որ դա ոչ միայն Ռուսաստանը պետք է անի՝ ուղարկելով այնտեղ հումանիտար անձնակազմ, բայց նաև միջազգային կազմակերպությունները»,- ասաց Պուտինը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների թվի ավելացմանը՝ Պուտինն ասաց, որ դա հնարավոր է բոլոր կողմերի համաձայնության և պայմանավորվածության արդյունքում, այդ թվում՝ ադրբեջանական, քանի որ ի սկզբանե, քանի որ որոշել ենք թիվը, համաձայնեցրել ենք, մարդիկ համարժեք են գնահատել իրավիճակը երկու կողմերից, և դա զուտ տեխնիկական բնույթ ունեցող հարց է։
«Եթե կողմերը համաձայնություն հայտնեն, որ դա հարկավոր է, մենք դա կանենք, եթե ոչ, ապա չենք անի։ Բայց այնտեղ խոսքը միայն խաղաղապահների մասին չէ, այլ ԱԻՆ ծառայողների և ՌԴ սահմանապահ ծառայության»,- ասաց Պուտինը։