«Բաքվի բերդում իրենց ծեծել են, խոշտանգել». Անահիտ Ադոյան
Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, երեկ երեկոյան հանդիպել է 2 օր առաջ Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկի՝ Տիգրանի հետ, որն իր որդու և Էջմիածնի մյուս զինծառայողների հետ մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել էր շրջափակման մեջ:
Անահիտ Ադոյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ Տիգրանն իրեն պատմել է Բաքվի բերդում, որտեղ իրենց պահում էին , հայ գերիների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին:
«Այնտեղ իրենց ծեծել են, խոշտանգել են, շատ ծանր է եղել իրավիճակը: Իրենց աչքերը փակ են եղել, ձեռքերը՝ կապված: Պատմեց, որ սկզբում 4 հոգով են եղել, երբ իրենց բռնել են, հետո տեսել են նաև մեր վարորդին՝ գերեվարված 5-րդ տղային, հետո բոլորի աչքերը կապած, ամեն մեկին տարբեր տեղեր են տարել, ոչ մի բան չեն տեսել: Այնուհետև Բաքվի բերդում ձեռքերը կապած, բայց աչքերը բաց, գլուխները՝ խոնարհած, ինքը տեսել է այդ նույն տղերքին, որոնց իր հետ միասին բռնել էին…»:
Անահիտ Ադոյանը նաև տեղեկացրեց, որ տղաներն այս պահին հիվանդանոցում են, սակայն նրանք, ովքեր լուրջ վնասվածքներ չունեն, այսօր դուրս կգրվեն և կգնան տուն, այդ թվում՝ նաև Տիգրանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Զանգելան՝ մարտական գործողություններ մասնակցելու համար, սակայն, ինչպես հարազատներն են պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել է դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող, 50 օրից ավելի է՝ կապ մեջ չի եղել: