«Փաշինյանի հոմանիշը պարտությունն ու կապիտուլյացիան է, նախկինների հոմանիշը՝ հաղթանակը». Էդուարդ Շարմազանով

Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից հրապարակից ժամը 17:00-ից մեկնարկել է  ընդդիմության կազմակերպած արժանապատվության երթը, որին կրկին հազարավոր քաղաքացիներն են միացել: Նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը ևս մասնակցում է արժանապատվության երթին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատմության մեջ իրեն հայտնի չէ մի դեպք, երբ կապիտուլյացիա ստորագրած մարդը չհեռանա:

«Հայաստանի պատմության մեջ տեսե՞լ եք նման դեպք, երբ 2 վեհափառները, մեր նվիրապետական աթոռները պահանջեն նրա հրաժարականը: Նախկին նախագահները բոլորը պահանջեն, նախկին վարչապետների մեծ մասը պահանջեն, քաղաքական ուժերը պահանջեն, հասարակության առողջ հատվածը պահանջի… Ասում է՝ ես պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրել, այ անգրագետ, քաղաքական պատասխանատվությունը դա հրաժարականն է, իրավական պատասխանատվությունը՝ դա այլ բան է, դա դատարանը կորոշի, իրավապահ մարմինները կորոշեն, բայց, երբ դու խոսում ես քաղաքական պատասխանատվությունից, քաղաքական պատասխանատվությունը դա շայկայի հրաժարականն է: Ամբողջ աշխարհում մարդիկ նույնիսկ կոռուպցիոն փոքր սկանդալների համար հրաժարական են ներկայացնում: Սա Արցախի 75 տոկոսը տվել է, Մեղրիով Նախիջևան ճանապարհ է տվել, 44 օր խաբել է բոլորիս, որ հաղթում ենք, 5000 զոհ է տվել, 10.000-ից ավելի վիրավոր է տվել, ասում է՝ ես պատրաստ եմ շիտակ իմ պարտականությունները կատարել, դու զրո ես, քեզ ոչ դրսում, ոչ ներսում աջակից չունես, դու պետք է հեռանաս, և մենք վճռական ենք լինելու պարտադրելու Նիկոլին՝ հրաժարական, նա պետք է հեռանա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված՝ «ներկա-նախկին» տարանջատումներին, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Ե՞ս եմ նախկին, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Հովհաննես Իգիթյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին ասելով՝ մեզ ի նկատի ունի, բոլոր նախկին նախագահների օրոք մենք հաղթանակ ենք կերտել, ու թուրքն է  մեր առաջ ծնկի եկել,  բայց այսօր ինքն է ծնկի եկել թուրքի առաջ: Իր հոմանիշը պարտությունն ու կապիտուլյացիան է, մեր և բոլոր նախկին ղեկավարների հոմանիշը հաղթանակն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս