Փակ հանդիպմանը խոսվել է Մեղրիից. ինչ է մանրամասնել Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Նախ՝ շաբաթ երեկոյան նա կառավարական իր առանձնատանը հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից իր մտերիմներին, մի քանի ժամ քննարկում ունեցել:

Իսկ արդեն կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա ներկայացրել է այն իրավիճակը, որ եղել է Հադրութի շրջանում, եւ խոսել սպասվող զարգացումների մասին: «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել:

Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, հենց այս հատվածին է վերաբերում», – ասել է նա:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԽ նիստի փակ հատվածում տեղի ունեցած քննարկումներից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ խոսվել է նաեւ Մեղրիի մասին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ պետք է տարածք հանձնենք նաեւ Մեղրիից:

Սակայն Փաշինյանը հերքել է եւ ասել, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, հրահրում, եւ իրենք պատրաստ են, անգամ դիմել են ՀԱՊԿ-ին եւ ասել՝ եթե հարձակում լինի, պետք է պաշտպանեն Հայաստանին: Այսինքն՝ այս անգամ Հայաստանը նախապես է պատրաստվում հնարավոր սահմանային ոտնձգություններին»:

Տեսանյութեր

Լրահոս