«Կա՛մ մահ, կա՛մ հաղթանակ․ իրավունք չունենք երկրորդ տարբերակ քննարկելու». Գորիսի քաղաքապետ

Գորիսում իրավիճակը հանգիստ է, պատերազմից հետո հայկական դիրքերը, որտեղ որ տեղակայված են եղել, նույն տեղում են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Նա նշեց, որ մտավախություններ չունեն, որ թշնամին կարող է մտնել Գորիս, քանի որ գորիսեցիները մեկ մարդու նման՝ զենքը ձեռքին, կանգնած են դիրքերում՝ պատերազմի սկզբից մինչև օրս։

«Գորիսեցին ե՞րբ է  զենքը ձեռքից վայր դրել, որ հիմա էլ նորից վերցնի, հենց հիմա գորիսեցիների հետ պոստերում ենք, հենց հիմա հեռախոսի բարձրախոսը կմիացնեմ, թող պոստում կանգնածներն ասեն՝ զենքը վա՞յր կդնեն, թե՞ ոչ։ Արտուշ ջան, կարծիքդ ասա»,- ասաց Առուշանյանը։

Արտահայտելով իր կարծիքը՝ դիրքերում կանգնած գորիսեցի Արտուշը հետևյալն ասաց. «Մեզ ուրիշ «վիխոդ» չեն թողել, մենք մինչև վերջ այստեղ ենք կանգնելու, մենք ուրիշ բան ունե՞նք անելու, մեր սահմանը մենք պաշտպանելու ենք»։

Շարունակելով միտքը՝ Առուշ Առուշանյանը նշեց, որ գորիսեցիների համար ընտրությունը մեկն է՝ կա՛մ մահ, կա՛մ հաղթանակ. «Մենք Սյունիքը թողնենք՝ ո՞ւր գնանք, չկա նման բան, որ մենք մեկ սանտիմետր զիջենք, ասում եմ՝ կա՛մ մահ, կա՛մ հաղթանակ՝ իրավունք չունենք երկրորդ տարբերակ քննարկելու։ Հիմա ոչ միայն սյունեցին պետք է պատրաստ լինի, այլև երևանցին, գյումրեցին, ամբողջ հայությունը։ Ժողովուրդը միշտ էլ կռվել է, հիմա էլ պետք է պատրաստ լինենք։ Եթե պատերազմ լինի, պետք է կռվենք, իսկ եթե ոչ, ապա մենք պետք է, Աստծո կամոք, զինվենք ու սկսենք՝ վերցնենք այն, ինչը մերն է։

Ի դեպ, տղաները կողքից ասում են, որ մեր վարչապետը պետք է լինի սյունեցի»,- ընդգծեց Գորիսի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, Գորիսի քաղաքապետն ասաց. «Անկախ ամեն ինչից՝ սա չպետք է թույլ տանք, չգիտեմ, թե ինչ պետք է լինի։ Ես այդ ամենին դեմ եմ, որովհետև թշնամին մեզ հետ նույնիսկ մեկ սանտիմետր հեռավորության վրա չպետք է առնչություն ունենա՝ լինի ճանապարհ, թե՝ գյուղերի մոտ սահման»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս