Հայաստանի մառախլապատ կրթական համակարգը
Հայաստանի կրթության համակարգը նորից հայտնվեց կոտրած տաշտակի առջև։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում տեղից շարժել կրթության ոլորտը։ 2-3 տարին մեկ փոխվում է նախարարը, և համակարգը հայտնվում է տեղապտույտի մեջ։ Այս անգամ իրավիճակն ավելի բարդ է։ Հումանիտար աղետը, պատերազմի տնտեսական հետևանքները, երկրում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը, կառավարման ճգնաժամը, համավարակն առաջիկա ամիսներին (գուցե նաև տարիներին) հնարավորություն չեն տալու մեծ ուշադրություն դարձնել կրթությանը։
Շատերն այն կարծիքին են, որ պատերազմում պարտվելու պատճառներից մեկն էլ կրթության վատ վիճակն էր։ Համաձայն եմ։ Մենք այդպես էլ չկարողացանք ձևավորել լուրջ վերաբերմունք կրթության նկատմամբ։ Չունեցանք մի ղեկավար, որի համար կրթության հարցերը լինեին առաջնահերթ։ Այդպես էլ չունեցանք մի փաստաթուղթ, որը կարելի է համարել մեր կրթության տեսլականը կամ գաղափարական հիմքը։ Իսկ նման բան մեզ օդի պես անհրաժեշտ էր։ 90-ական թվականների առաջին կեսից հետո որոշվեց սկսել կրթության համակարգային բարեփոխումներ։ Այդ նպատակով սկսվեց կրթության օրենսդրական դաշտի ձևավորումը, ֆինանսական և կառավարման բարեփոխումները։ Որոշվեց նաև ունենալ կրթության զարգացման պետական ծրագիր, որն ընդունվեց 2000 թվականին։ Այդ տարիներին առկա էր որոշակի ոգևորություն, քանի որ մարդիկ մտածում էին, որ ինտեգրվելով միջազգային հանրության հետ, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեն զարգացած երկրները։
Այդ տարիներից սկսած մենք շարունակաբար թույլ ենք տալիս մի սխալ, որը մասնագիտական շրջանակներում հայտնի է՝ որպես «կարգոյի պաշտամունք»։ Ճապոնիայի դեմ պատերազմելու ընթացքում ամերիկացիները խաղաղօվկիանոսյան կղզիներում ստեղծեցին ռազմաբազաներ։ Կղզիների բնակիչներն առաջ անգամ տեսան ինքնաթիռներ, մեծ թվով բեռների տեղափոխում և զարգացած քաղաքակրթությանը բնորոշ այլ մասշտաբային գործընթացներ։ Ամերիկացիների գնալուց հետո տեղաբնիկները փորձեցին կրկնօրինակել նրանց՝ կարծելով, որ պարզապես կրկնօրինակելով՝ իրենք էլ կարող են թռչող սարքեր ունենալ, բեռներ տեղափոխել։ Հայաստանում էլ մեզ թվաց, որ կրկնօրինակելով կամ տրանսպլանտացնելով միջազգային փորձը՝ կկարողանանք հասնել հաջողության։
Օրինակ՝ ստեղծեցինք դպրոցի կառավարման խորհուրդ, որպեսզի տնօրենին նշանակի ոչ թե նախարարը կամ մարզպետը, այլ ընտրենք ծնողների, ուսուցիչների, համայնքի ներկայացուցիչների քվեներով։ Այս համակարգի ներդրումից անցել է շուրջ 20 տարի, բայց այս մեխանիզմը դեռևս չի գործում։ Նույնը՝ կրթության մնացած հարցերում։ Ցավոք, կրթության ոլորտում չունենք մի բարեփոխում, որը հասցրել ենք արդյունավետության բարձր մակարդակի և կարող ենք դրանով ներկայանալ աշխարհին։ Պատճառն այն է, որ ինչ-որ մի բան դրսից բերելը բավարար չէ։ Անհրաժեշտ է հետևողական աշխատանք այդ փոփոխությունները կիրառելի դարձնելու, տեղական պայմաններին հարմարեցնելու համար։ Այս խորքային աշխատանքն այդպես էլ չարվեց։
Կրթության ոլորտում մեր թույլ տված գլխավոր սխալն այն է, որ այդպես էլ չհասկացանք համախմբման, մարդկային ներուժի կենտրոնացման կարևորությունը։ Չհասկացանք, որ միջազգային կազմակերպություններն օրակարգը տեղակայելով, իրարից կտրված բարեփոխումներ անելով, չենք կարող արդյունքի հասնել։ Հայաստանի նման զարգացող երկրներում կրթությունը գաղափարական հիմքի կարիք ունի։ Ծառին անհրաժեշտ է հիմք և բուն։ Իսկ մենք ընկանք ուրիշների ծառերի տերևները հավաքելու հետևից՝ անտեսելով մեր ծառը տնկելու հնարավորությունը։
Կար հույս, որ իրավիճակը կփոխվի 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մարդիկ ոգևորված էին։ Մայիս-օգոստոս ամիսներին կրթությանը նվիրված քննարկումներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում։ Բայց աստիճանաբար նախարարությունը հանրային օրակարգ բերեց անկարևոր հարցեր։ Օրինակ՝ դպրոցներում բջջային հեռախոսներ թույլատրելը, համազգեստի, դասագրքերը կիսելու, 9-րդ դասարանում պարտադիր քննություններ անցկացնելու մանր հարցերը։ Իսկ ռազմավարական հարցերը նախարարությունը շարունակեց քննարկել կաբինետներում՝ յուրայինների հետ։ Մեր կրթության մեծագույն բացերից մեկն էլ այն է, որ գրեթե բոլոր նախարարներն ունեցել են «յուրային փորձագետներ», որոնք տվյալ նախարարի կառավարման տարիներին մի ժողովից շտապել են մյուս ժողովին, մի ծրագրից՝ մյուսին։
Ամեն նախարարի պաշտոնանկությունից հետո նախարարության աշխատասենյակներում հայտնվել են նոր փորձագետներ։ Այս ամենի պատճառով մեր կրթական համակարգն այսօր չունի ինստիտուցիոնալ հիմքեր։ Չկան մարդիկ, որոնք համակարգը կպաշտպանեն նախարարների, փոխնախարարների փոփոխություններից և կրթության ոլորտում կպահեն զարգացման կայուն գիծ։ Իհարկե, միայն նման մարդկանց առկայությունը բավարար չէ, քանի որ մենք չգիտենք, թե ինչ ուղղությամբ է զարգանում մեր կրթական համակարգը։
Ներկա իշխանությունները ձախողեցին կրթության տեսլական մշակելու բացառիկ հնարավորությունը՝ ունենալով աննախադեպ նպաստավոր միջավայր դրա ձևավորման համար։ Գրավիչ գաղափարներ առաջարկելու, ռազմավարություններ մշակելու փոխարեն՝ նախարարությունը հսկայական ժամանակ ու ջանքեր ծախսեց առանձին անհատների ու հաստատությունների վրա։ Մինչդեռ նախարարը խոստացել էր 2022-2023 թվականին ունենալ որակապես նոր կրթական համակարգ։ Բայց հիմա նախարարը փոխվեց, և, բնականաբար, այդ խոստումն էլ ջնջվեց։ Ավելին, պատերազմի հազարավոր զոհերը, վիրավորները, սոցիալական, հոգեբանական խնդիրները չեն կարող բացասաբար չազդել մեր կրթության վրա։ Անվտանգային սպառնալիքները, տրավմաները չեն թողնելու, որ մենք կենտրոնանանք կրթության խնդիրների վրա։ Այս իրավիճակում տարօրինակ է, որ նախարարությունը որոշեց հրատապ ձևով առաջ մղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Ցավոք, կրթական ռազմավարությունների, օրենքների նախագծերի հրատապության մասին պետք էր մտածել 2.5 տարի առաջ։ Այսօր այդ ամենը կորցրեցին իրենց հրատապությունը։
Բազմաթիվ նախարարներ եկան ու գնացին։ Բայց կրթության ոլորտի մառախուռն այդպես էլ մնաց։