Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը վերականգնելու համար ամիսներ կպահանջվեն
Չարեքթար համայնքի բնակիչները դեռևս գյուղ չեն վերադարձել, քանի որ էլեկտրաէներգիա չկա, տների մի մասն էլ վառված է։
Բնակիչներն իրենց տները վառել էին նոյեմբերի 10-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հայտնի եռակողմ համաձայնագիրը, որով Արցախի մեծ մասը հանձնվեց թշնամուն, այդ թվում՝ Քարվաճառը։ Սկզբում բնակիչներն անորոշության մեջ էին՝ մտածելով, թե Չարեքթարն անցնելու է թշնամու վերահսկողության ներքո, նրանք այրել էին իրենց տները: Մինչդեռ հետագայում պարզվել էր, որ գյուղը մտնում է Մարտակերտի վարչական շրջանի մեջ և մնալու է հայկական ուժերի վերահսկողության տակ։
168.am-ի հետ զրույցում Չարեքթար համայնքի ղեկավար Կամո Ցականյանն ասաց, որ ամիսներ են պետք գյուղը վերականգնելու համար՝ չկա էլեկտրաէներգիա, տների մեծ մասն այրված է, մարդկանց ապրուստը՝ ոչնչացված։
«Գյուղում մնացել էինք մի խումբ տղամարդիկ, իրենք էլ հիմա գնացել են տարբեր վայրեր իրենց ընտանիքներին տեսնելու համար, չարեքթարցիների մի մասը Ստեփանակերտում է, մի մասը՝ Աբովյանում, Գավառում, Չարենցավանում, Արտաշատում, ով որտեղ կարողացել՝ տեղավորվել է։ Մինչև նորմալ պայմաններ չստեղծենք, բնակիչները չեն կարող հետ գալ։ Եթե անվտանգությունից խոսենք, ապա ամբողջ Արցախում էլ անվտանգ չէ, բայց այստեղ մարդկանց տունն է, պետք է նրանք վերադառնան»,- նշեց համայնքապետը։
Նրա խոսքով՝ չարեքթարցիների մեծ մասը հիմա էլ պատրաստ է վերադառնալ գյուղ, նրանք այլ տեղ չեն ցանկանում ապրել։
«Բացի մեր գյուղացիներից, այլ գյուղի բնակիչներ էլ են ցանկություն հայտնել հաստատվելու Չարեքթարում, քանի որ նրանց գյուղերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջինը իմ գյուղի բնակիչների տները վերականգնենք, նրանք վերադառնան, հետո նրանց խնդիրներին կանդրադառնանք, նրանց համար էլ տներ կկառուցենք։ Չեմ կարող ասել, թե քանի հոգի են դիմել, բայց բավականաչափ մարդ հետաքրքրվել է»,- շեշտեց Կամո Ցականյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:



