Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Պողոսյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազամավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․ «Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։
Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։
Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն անելու է ամեն հնարավորը այն ապահովելու համար։
Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։