«Այս իշխանությունները համոզելով, ասելով` չեն գնա: Անվտանգության, վախի, փողի խնդիր կա»․ Արմեն Եղիազարյան
Պետք է դաս լինի, որ հասկանան, որ հեշտ լուծումներ չեն լինում, վերաբաշխողական լոգիկան չի աշխատում, պետք է աշխատես, որ զարգանաս, ինքդ քո մասին շատ մեծ կարծիք պիտի չունենաս։ Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետև վստահություն չունեցող իշխանությունները չեն կարող առկա խնդիրները լուծել:
Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:
«Իմ կարծիքով` Հայաստանը նախ և առաջ պատրաստ չէ պառլամենտական կառավարման, որովհետև Հայաստանում քաղաքական կուսակցություններ ուղղակի չկան: Չկա այնպիսի երկիր, որտեղ նոր ստեղծված կուսակցությունը գալիս է իշխանության, հին կուսակցությունները դուրս են գալիս, ինքը ստանում է բացարձակ մեծամասնություն: Այսինքն` հակակշիռների համակարգը չի աշխատում»,- ասաց Արմեն Եղիազարյանը` նկատելով, որ դրա պատճառն այն է, որ ժողովուրդն անձնավորում է ամեն ինչ, չկան համակարգային մտածելակերպ ու ծրագրեր:
Նրա խոսքով՝ իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետև չեն կարող վստահություն չունեցող մարդիկ՝ իշխանությունները, երկրի առջև կանգնած խնդիրներ լուծել:
«Ես չեմ տեսնում ընդունելի մեխանիզմ, որով այս մարդիկ (գործող իշխանությունները,- հեղ․) կգնան, որովհետև իրենք համոզելով, ասելով` չեն գնա: Անվտանգության, վախի խնդիր կա, փողի խնդիր․․․»,- Նիկոլ Փաշինյանի իշխանության, գործող կառավարության մասին ասաց Ա․ Եղիազարյանը:
Նրա խոսքով`թեև ինքը քաղաքական մարդ չէ, բայց պարզ է, որ տնտեսական պրոցեսների վրա քաղաքական գործընթացները մեծ ազդեցություն են թողնում:
«Հեղափոխության տեսություն կա: Իշխանափոխության համար կրիտիկական մասսան 2 տոկոս է: Եթե 2 տոկոս մարդ դուրս գա փողոց, ըստ այդ տեսության` նրանք կտապալեն իշխանությունը: Հայաստանի պարագայում դա 57-60 000 մարդ է»,- ասաց Արմեն Եղիազարյանը:
Վերջինս նկատեց, որ կրիտիկական զանգված չհավաքվելուն նպաստում է նաև այն թույնը, որ կուտակվել է մարդկանց մեջ:
«Ես որ մեկ-մեկ էդ քոմենթները կարդում եմ, ճիշտ է, ֆեյքերը երևում են միանգամից, բայց կան նաև իրական մարդկանց գրառումներ, որոնք ցույց են տալիս աշխարհը հասկանալու իրենց պրիմիտիվ մակարդակը: Ոնց որ սեկտա լինի: Սեկտայի ղեկավարն ասում է՝ այսօր աշխարհի վերջն է, չի լինում, ասում է` ինձ նորից «վերևից» ասացին, որ աշխարհի վերջը ոչ թե այսօր է, այլ հետո․․․ Ֆեյքը բիզնես է: Բայց դա այնքան վտանգավոր չէ, որքան այն մարդիկ, որոնք անկեղծորեն են ասում դա»,- ասաց Արմեն Եղիազարյանը:
Մանրամասները` տեսանյութում