«Մեկ բան է՝ տանից դուխով հայտարարություններ անել, մեկ այլ բան է՝ նայել վարչապետի աչքերի մեջ ու պահանջել նրա հրաժարականը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանության հետ Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումների և արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկխոսության գնալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Եթե խոսքն Ընտրական օրենսգիրքն ընդունելու և հետո արտահերթ ընտրությունների գնալու մասին է, ապա բնական է, որ պետք է քննարկումներ լինեն, որովհետև խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար։ Կան կանոններ, եթե Ընտրական օրենսգիրքը մենք այսօր ընդունենք, ուրեմն՝ ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո, սա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, այսինքն՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստվեն։ Եթե Ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես որ կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Խաղի կանոնների մեջ է մտնում նաև քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրություններ չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին կալանավորելը, քրեական գործ հարուցելը։  Երբ այդ քննարկումը սկսվի՝ կքննարկենք»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև շեշտեց, որ այս պահին միայն ԼՀԿ-ն կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացնել. «Բացի մեզանից, մենք ոչ մեկին չենք վստահում, որովհետև մենք գիտենք, թե մենք ինչ կարող ենք անել, չգիտեմ, ով ինչ կարող է անել։ Եթե, օրինակ, հիմա ինչ-որ մարդիկ մարդկանց սպառնում են, Կառավարությունը չի կարողանում այդ մարդկանց ձերբակալի կամ չի կարողանում գտնել, ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ, եթե ընտրակաշառք են բաժանում, նրանց կգտնի»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ընդգծեց, որ գոյություն չունի այնպիսի հանրային կարծիք, որ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի։

«Ես ընտրվել եմ պատգամավոր 2012 թվականի մայիսի 6-ին՝ Լոռու մարզից: Ինձ ինչ հիշում եմ, ինչ-որ մարդիկ կոչ են անում ընդդիմությունը մանդատները վայր դնել։ Մեխանիզմը հետևյալն է, երբ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, դրանից հետո մանդատ է վերցնում ցուցակի հաջորդ համարը, դրա արդյունքում խորհրդարանը չի ցրվում, քանի որ ունի համապատասխան քվորում, ճգնաժամ չի առաջանում»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև մանրամասնեց, թե ինչու են մասնակցել Կառավարության հետ հարցուպատասխանին, մինչդեռ ԲՀԿ-ն բոյկոտել էր։

Ըստ Էդմոն Մարուքյանի, նախորդ հարցուպատասխանին չեն մասնակցել, որից հետո իրենց դիմել են ընտրողները և պնդել, որպեսզի Կառավարությանը տան այն հարցերը, որոնք նրանց հետաքրքրում են։

«Այդ հարցերն ո՞վ պետք է տար, եթե մենք չգնայինք։ Եթե լինեինք արտախորհրդարանական ուժ և այս ամբիոնը չունենայինք, բնականաբար, օգտագործելու էինք տարբեր հարթակներ, մենք էլ կարող էինք ցույցի տեղից մեգաֆոնով գոռայինք, մեր կոչերն անեինք, ինչը շատ նորմալ է։ Այսինքն՝ մի հատ բաց թողեցինք, արձագանք եկավ, որ մենք իրավունք չունենք դա բաց թողնելու, մենք էլ գնացինք, մեր գործն արեցինք։ Սա որևէ  բանով մեր պահանջները չի փոխում, ես կարող եմ պահանջս գրել տանից՝ ֆեյսբուքյան իմ էջում, և դուխով հայտարարություններ անել՝ սա մեկ բան է, մեկ այլ բան է՝ նայել վարչապետի աչքերի մեջ ու պահանջել նրա հրաժարականը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս