Սյունիքում՝ Ադրբեջանին ոչ ասելու հրաման չկա, Ադրբեջանի և Թուրքիայի հետ շուկաները բացելու մասին է իշխանությունը խոսում. Խալաթյան

Այսօր ժամը 12։00-ին լրացավ ընդդիմադիր 16 կուսակցությունների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացված վերջնագրի ժամկետը, և Փաշինյանը հրաժարական չներկայացրեց, որից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ մինչև 17։00-ն անհնազանդության ակցիաներ իրականացնել և բարձրաձայնել իրենց դժգոհությունը։ Իշխան Սաղաթելյանի այս կոչից հետո հայոց երկու կաթողիկոսները՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը, ապա նաև՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հանդես եկան հայրապետական պատգամով՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազրությունները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշեց, որ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի, թեև հստակ չէ՝ Փաշինյանը կարձագանքի կաթողիկոսների կոչին ու կգնա՞, թե՞ պարզապես այլևս չի դիմանա օր օրի ավելացող հանրային ճնշմանը։

«Փաշինյանին, իհարկե, հնարավոր է հեռացնել իր իսկ օգտագործած մեթոդներով, որովհետև եթե 2018 թվականին, երբ պետությունն ավելի ամուր էր, և իշխանության վերահսկողության տակ էին գտնվում բոլոր ոլորտները, իշխանափոխության համար անհրաժեշտ եղավ 100 հազար մարդ, ապա հիմա իշխանությունն այնքան թույլ է, որ իմ կարծիքով՝ 15-20 հազար մարդ կարող հասնել իշխանափոխության։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ ոստիկանությունը կշարունակի աջակցել Փաշինյանին, եթե վաղը 20 հազար մարդ գնա Ազգային ժողովը կամ կառավարական առանձնատունը գրավելու, ոստիկանությունը կրակելո՞ւ է, կամ Արարատ Միրզոյանին ծեծելուց կրակեցի՞ն, իհարկե, շատ ցավալի դեպք էր դա։ Ես հույս ունեմ, որ իշխանությունը հասկանում է վտանգները և չի՛ տանի գործողությունը նրան, որ այսպիսի հարց կանգնի՝ կրակե՞լ, թե՞ չկրակել»,- ասաց Խալաթյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ խելացի քաղաքական ղեկավարն ինքը կհայտարարեր հեռանալու, կամ երկիրը արտահերթ ընտրությունների տանելու մասին, որպեսզի բանը չհասնի հանրային ճնշմամբ իր հեռացմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի ակտի ստորագրումից ու Արցախը հանձնելուց հետո փորձում է դեռ 6 ամիս պաշտոնավարելու ծրագիր ներկայացնել։

Հարցին՝ ի՞նչ է հասցնելու անել այդ 6-ամսյա ժամկետում Փաշինյանը, Խալաթյանը պատասխանեց. «Շատ բան կարող է անել՝ կարող է հասցնել Սյունիքը հանձնել, Տավուշի որոշ մասը հանձնել, Գեղարքունիքը հանձնել։ Իհա՛րկե, ես հանձնել ասում եմ մի փոքր սարկազմով, բայց տեսեք, թե ինչ է կատարվում Սյունիքում՝ գյուղապետերն են բանակցում ադրբեջանցիների հետ սահմանները գծելու հարցով։ Ինչո՞ւ են սահմանների հարցով բանակցություններ վարում ոչ թե մեր սպաները, բանակը, այլ գյուղացիները։ Այդ հարցի պատասխանը ես ունեմ՝ կենտրոնական իշխանություններից բանակցելու հրաման չկա, որովհետև արդեն գաղափար են նետում դաշտ, որ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ շուկաները բացվեն, մեզ շատ պայծառ ապագա է սպասվում։ Եթե այդ միտքը դու առաջ ես տանում, դու ինչպե՞ս կարող ես սահմանը գծելուց Ադրբեջանին կանգնել ու ասել՝ ոչ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս