«Եթե երկուսն էլ սատանայի հետ են գործարք կնքել, ապա Փաշինյանի մեկ գլուխ բարձր լինելն ապացուցվեց այս դավադիր պատերազմի արդյունքով». Հրանտ Խաչատրյան

168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, նոյեմբերի 10-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը, 17 քաղաքական ուժեր միավորվեցին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Նախ՝ այս պատերազմը և ամբողջ գործընթացը՝ մինչև պատերազմը և պատերազմի արդյունքում, համարում եմ դավադրություն հայ ժողովրդի շահերի նկատմամբ։ Այդ դավադրության առաջին տեսանելի քայլը եղել է 1991 թվականին, երբ ունենալով Արցախի և Հայաստանի վերամիավորման որոշում և ունենալով 10-11 պատգամավոր Արցախից ընտրված, այդ նույն Գերագույն խորհուրդը, որն ամիսներ առաջ ընդունել էր ՀՀ անկախության հռչակագիրը, Արցախն օտարեց Հայաստանից՝ միջազգային իրավունքի առումով, Հայաստանի իրավունքներից, և Արցախի բնակչությանը թողեցին միայն հումանիտար իրավունքի ծածկոցի տակ։

Որևէ մեկն այսօր չի ասում, իհարկե, բացի Էրդողանից ու Ալիևից, որ կա միջազգային իրավունք։ Մարդիկ ԱԺ-ում նստած կա՛մ խաբեբա են, կա՛մ հիմար, որովհետև եթե այսօր մարդիկ ասում են, որ մեկ հոգին խաբել է բոլորին, ապա կա բանաձև՝ խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Մենք պետք է ընտրենք՝ խաբվե՞լ ենք, թե՞ ոչ, անձամբ ես չեմ խաբվել։ Այդ հայտարարությունը հրադադարի համաձայնագիր է, որն իր հրադադարի վերաբերյալ բովանդակային մասից բացի, պարունակում է  միջազգային իրավունքին հակասող բոլոր դրույթները, և Հայաստանի խորհրդարանում նույնիսկ այսօր մենք այդ մասին չենք լսում։

Ես պատերազմի առաջին օրերին ներխուժել եմ Ազգային ժողով և երկու խմբակցություններին առաջարկել եմ կազմակերպել դռնփակ քննարկումներ։ Մենք պատերազմը չենք պարտվել ո՛չ ռազմական առումով, ո՛չ ոգու առումով, մենք քաղաքական պարտություն ենք կրել, և հարկ է խոսել քաղաքականության մասին։ Այսօրվա, այսինքն՝ նախորդ իշխանությունը, շատ կարճ պաշտոնավարած իշխանությունը խաբել է բոլորին, սև ու սպիտակի տարբերություն է դրել։ Սակայն սա չի նշանակում, որ սևեր ու սպիտակներ չկան Հայաստանում, միշտ էլ ասել եմ, որ կա սևի ու սպիտակի երանգները, մեր երկրում բոլորը ներկա են։ Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է փնտրել քաղաքական լուծումներ։ Իմ առաջին հարցն այն է եղել, որ պետք է քննարկվի եռակողմ հայտարարության բովանդակային մասը չեղյալ հայտարարելու առումով։ Մենք օդի մեջ պահանջում ենք, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, դա կմնա օդի տատանում։ Քաղաքական մեծամասնությունը չի ուզում ընդունել որոշումներ, բայց ընդդիմության բախտը բերել է, որ ընդդիմություն է, նա պետք է այդ հարցերն առաջ քաշի, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ բոլորի կողմից չի դավաճանված, որ ամբողջ հայ ժողովուրդն այդ դավադրությունից հասկանում է։

– Ձեր խոսքում այս իշխանություններին անվանեցիք արդեն նախորդ իշխանություն, բայց փաստացի Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 6 ամիսների Կառավարության ճանապարհայինք քարտեզը, պնդո՞ւմ եք, որ ներկաներն արդեն նախկին իշխանություն են։ Նաև նշեցիք, որ այս գործընթացը սկսվել է 1991 թվականից, հետևաբար՝ ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն ո՞վ է։

– Ընդհանուր իրավիճակի առաջին պատասխանատուն 1991 թվականից ՀՀ բոլոր իշխանություններն են, իշխանություն, ընդդիմություն ինձ համար զուտ պայմանական է։ Եթե դու Ազգային ժողովում ես, ուրեմն՝ մաս ես կազմում իշխանության, այլ բան է, որ փոքրամասնության մեջ ես, և քո առաջարկությունները կարող են չանցնել։ Եթե ԱԺ-ն համարժեք է երկրի բնակչությանը, եթե ադեկվատ է, ուրեմն այնտեղ պետք է քննարկվեն բոլոր տեսակետները, բայց քանի որ չեն քննարկվել նաև այս խորհրդարանում, համարում եմ, որ սա էլ է հնացած։ Եթե ՀՀ ԱԺ-ն ներկայացնում է հայ ժողովրդի այն հատվածը, որն այստեղ է ապրում, և սփյուռքի հայությունը պետք է ընդդիմանա, որպեսզի այստեղ քննարկվի այն հարցը, որ եռակողմ այդ հայտարարության բովանդակային մասը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։

– Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ, եթե գլուխը հիվանդ է, ապա այն պետք է բուժել, այլ ոչ թե կտրել։ Այժմ մեր երկրի «գլուխը», գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, նման հայտարարություն ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցային սեղանին ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը։

– Նիկոլ Փաշինյանին ես մի ինքնախոստովանական հոդվածով կբնութագրեի, նա խնդրել էր, որ, եթե իր հոդվածը տարածենք, ապա տարածենք սխալվելու վճռականությունը՝ հաղթանակի ճանապարհ, նման բան էր ասում։ Սա գիտական մոտեցումից շատ հեռու մի տեսակետ է, որը բացառվում է հանրային կյանքում։ Մարդկային կյանքերի հետ կապված տիրույթում կիրառել սխալվելու վճռականություն՝ հանգեցրել է և հանգեցնելու է նման արդյունքների։

Նիկոլ Փաշինյանը զուտ այդ ինքնախոստովանությամբ արդեն ենթակա է հեռանալու իշխանության լծակներից։ Նա կարող է մնալ առաջնորդ՝ իր կուսակցության առաջնորդ, կարող է մնալ նաև ժողովրդի այլ հատվածի առաջնորդ, բայց նա այլևս չի կարող մնալ պետության ղեկին։

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այն տեսակետները, որ Փաշինյանի հոգեհայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ես ասում էի, որ աշակերտը պետք է մեկ գլուխ բարձր լինի իր ուսուցչից։ Պարզվում է, որ, եթե երկուսն էլ սատանայի հետ են գործարք կնքել, ապա  Փաշինյանի մեկ գլուխ բարձր լինելն ապացուցվեց այս դավադիր պատերազմի արդյունքով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս