Մոսկվայում բացահայտվեց Հայաստանի և Ռուսաստանի պատկերացումների տարբերությունը ԵԱՀԿ ՄԽ հետագա աշխատանքի հարցում
Դեկտեմբերի 6-7-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի առաջին աշխատանքային այցը Մոսկվա և ընդհանրապես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը։ Թերևս, այցի օրակարգում ամենաուշագրավը Այվազյան-Լավրով բանակցություններն ու ճեպազրույցն էր՝ հատկապես նոյեմբերի 9-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության ֆոնին։ Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ՌԴ-ի նախաձեռնած հումանիտար օրակարգ, հումանիտար կենտրոնի ստեղծում, միջազգային կազմակերպությունների ներգրավում հումանիտար խնդիրների լուծման հարցում, ՌԴ միջնորդական ջանքեր, գերիների վերադարձ, զոհվածների աճյունների փոխանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ապագա, Թուրքիայի դերակատարություն տարածաշրջանում, երկկողմ հարաբերություններ։ Նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը թե՛ իր բացման խոսքում, թե՛ հարցերից մեկի իր պատասխանում շեշտակի անդրադարձ կատարեց Թուրքիայի ապակառուցողական դերին տարածաշրջանում՝ հատկապես սկսած հուլիսյան սրացումից և սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում։
«Սույն տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցության և Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը հանդիսացավ նոր ցնցում»,- Լավրովի հետ հանդիպմանն ասել է Արա Այվազյանը։ Ճեպազրույցի ընթացքում նա մատնացույց արեց հայ-թուրքական հարաբերությունների այն բոլոր հանգրվանները, երբ հայկական կողմը ցանկացել է ընթանալ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել։ «Մենք բոլորս ցանկանում ենք ապրել խաղաղության, բարիդրացիության մեջ մեր հարևանների հետ, բայց դրան հասնելու համար Անկարան պետք է վստահություն ձեռք բերի, որը կորսվել է այս ողջ ընթացքում։ Մենք կհետևենք, թե ինչ միջոցներ կձեռնարկի վստահության ձևավորման համար Անկարան, և միայն դրանից հետո կգնահատենք, թե որքան անկեղծ են նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր դարաշրջանի մասին»,- ասաց Այվազյանը։
Հանդիպումն ուշագրավ էր մի շարք բաղադրիչներով, որոնցից էականն այն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը ճեպազրույցի ընթացքում նշեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների գործունեությունը ներկայիս փուլում՝ ուրվագծելով միմիայն հումանիտար խնդիրների լուծում։ Նա հույս հայտնեց, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, օգտագործելով իրենց կշիռն ու հեղինակությունը, կփորձեն միջազգային կազմակերպություններին ներգրավվել ԼՂ-ում առկա հումանիտար խնդիրների կարգավորման գործընթաց։ Այս առումով ավելի հստակ էր ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը․ նա ասաց, որ իրավիճակի կայունացումից հետո գուցե որոշակի գործընթաց սկսվի հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, երբ կսկսվեն խորհրդակցություններ և գուցե հող նախապատրաստվի ապագա բանակցությունների համար։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ որոշումը կողմերինն է։ Նա ակնարկեց, որ կայունության ամրապնդումը տարածաշրջանում ևս պետք է լինի համանախագահների աշխատանքի ուղղություններից։
Ռուս թուրքագետ և քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպումն անցավ նորմալ մթնոլորտում։ Նրա որակմամբ՝ դրական էր, որ կողմերը հարաբերությունները որակեցին՝ որպես գործընկերային, դաշնակցային, ռազմավարական, քանի որ միշտ չէ, որ նման մակարդակ արտահայտող որակումները տրվում են քաղաքական տարաձայնությունների պատճառով, խոսվեց ռուսաց լեզվի կարևորությունից, ինչը ևս պատահական չէր։ Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական կողմը ցույց է տալիս, որ տրամադրված է կառուցողականորեն աշխատել Ղարաբաղում անվտանգություն ապահովելու ուղղությամբ։
«Ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունից հետո երկկողմ հարաբերություններում ավելի դրական փուլ է սկսվել, քանի որ պատերազմը կարողացել է դադարեցնել Ռուսաստանը ռուսական ծրագրով, ինչպես ակնարկեց ռուսական կողմը, երբ խոսեց բազային սկզբունքների և առաջարկների մասին։ Այսինքն՝ հայտարարությամբ հրադադարը մասամբ բազային սկզբունքների արտացոլումն էր, մասամբ՝ պատերազմի հետևանքի»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները կայուն կլինեն։
Ըստ նրա՝ ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ հայտարարությունը ստիպված են ընդունել բոլորը, ինչը կարծես կարևոր նկատառում էր և ակնարկ, որ որոշ միջնորդներ, տերություններ չեն ցանկացել դրանք ընդունել և խոչընդոտել են դրանց կատարմանը։ «Ռուսաստանը կարևորում է հումանիտար կենտրոնի ձևավորումը, դրա համար միջոցներ են ներդրվում ակնհայտորեն, Ռուսաստանը ներկայումս այդ ուղղությամբ է աշխատում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կարողանան բեկումնային քայլեր իրականացնել, որոնց ներուժը չեմ տեսնում, իսկ Ռուսաստանն իր օրակարգով է առաջ ընթանում, ինչը նաև հասկանալի է, քանի որ Ռուսաստանը կարողացավ կանգնեցնել այդ արյունալի պատերազմը։ Դրական եմ համարում նաև Հայաստանի կողմից Թուրքիայի դերի հիշատակումը, ընդ որում, բավականին ընդլայնված կոնտեքստով, որն արտահայտում է Թուրքիայի ապակառուցողականությունը։ Ընդհանուր առմամբ գնահատում եմ հանդիպումը՝ որպես նորմալ,․ աշխատանքային հանդիպում՝ առանց տողատակերի, ամեն ինչ պարզ ու հասկանալի էր, տեսանելի տարբերություն կար միայն ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի հարցում տեսլականի հարցում»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը։