«Ալիևը մեզ հաղթել է ոչ թե 2020թ. նոյեմբերի 9-ին, այլ՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն արցախյան պատերազմի առաջին շաբաթներին եղել է Արցախում և տեսել անկազմակերպվածություն, որը, նրա խոսքով՝ չի եղել, օրինակ, 2016թ. ապրիլին:

«Մոբիլիզացիոն ռեսուրսի ներգրավման, կամավորականների կոորդինացիայի հետ կապված ինչ-որ հարցեր կային, բայց, անկեղծ ասած, որ այսպիսի վերջաբան կլիներ, սկզբում իմ մտքով չէր անցնում: Նիկոլ Փաշինյանի կերպարը լիովին հասկանալով, նրա իշխանության գալու հետին մտքերն իմանալով հանդերձ, այնուամենայնիվ, այսպիսի ողբերգություն…»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հայկական կողմից չի արվել առավելագույնը՝ այս պատերազմում հաղթելու համար. «Ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե զուտ ռազմական օղակում ինչ է եղել: Բանակը կռվել է, մենք ունենք հերոս հրամանատարներ ու զինվորներ, ա՛յ, ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված մենք շատ ասելիք ունենք: Մենք կարող էինք հաղթել այս պատերազմը: Պատերազմի վերսկսման պահին բացառիկ իրավիճակ էր, երբ ՌԴ-ի և Իրանի հեռահար շահերը լիովին համապատասխանում էին հայկական կողմերի շահերի հետ, ինչո՞ւ, որովհետև Թուրքիան բացահայտ ներգրավվել էր ռազմական գործողություններին, այսինքն՝ ներխուժել էր այն տարածքը, որը Ռուսաստանի համար համարվում է կենսական, նաև Իրանի համար է շատ կարևոր և կենսական տարածք համարվում մեր ռեգիոնը: Թուրքիան ոչ միայն իր զինուժով էր ներգրավվել, այլև այստեղ էր ներգրավել իր ահաբեկչական կառույցներին, ինչն ուղղակի սպառնալիք է թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին, որովհետև հիմա այդ խմբավորումները, հիմնավորվելով Արաքսի հովտում, Քարվաճառում, խնդիր են ունենալու այդ տարածքները որպես պլացդարմ օգտագործել՝ հարվածելու համար Իրանի հյուսիսին՝ ապակայունացնելու այնտեղ իրավիճակը, և Ռուսաստանի հարավին՝ Կովկասում իրավիճակը սրելու համար: Երբ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետը բացահայտ ասում է, որ այո, այնտեղ ներգրավված են ահաբեկիչներ, ավելի ակնառու մեսիջ առ այն, որ՝ մենք պատրաստ ենք առավելագույնը անել ձեզ համար, նաև՝ մեզ համար, երկու երկրների բարօրության և անվտանգության համար, հնարավոր չէ պատկերացնել: Բայց փոխարենը՝ մենք ունեինք սորոսական և Արևմուտքի ուլտրալիբերալ շահերը սպասարկող խամաճիկային, դավաճանական իշխանություն, որը մտադիր էլ չէր հաղթել, հաղթանակի գաղափարի կրողը չէր՝ չնայած վարչապետ կոչեցյալի ծղրտան, ականջ սղոցող դեմագոգիային: Այս աղետը նպատակուղղված կերպով հասունացվեց»:

Ռազմական փորձագետը շեշտեց՝ անգամ ամենամարտունակ բանակին է հնարավոր մատնել պարտության. «Կարելի է զարգացումներն այն կերպ ուղղորդել, որ ուղղակի բանակը պարտվի, և աղետի առջև կանգնի պետությունը: Դու ուղղակի անում ես այնպիսի քայլեր, որով ինքդ քո սեփական զինված ուժերի մարտունակությանը հասցնում ես հարված: Իհարկե, դա արվում է էլի ու էլի ծղրտան դեմագոգիայով, հայրենասիրական շղարշով պատված»:

Դավիթ Ջամալյանն ընդգծեց. «Ալիևը մեզ հաղթել է ոչ թե 2020թ. նոյեմբերի 9-ին, այլ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, նա մեզ ոչ թե հաղթել է ռազմի դաշտում, այլ մեր երկրի ներսում մարդկանց սիրտը նվաճող դեմագոգին առաջ մղելով»:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո ազգային աղետի պատասխանատուները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն:

«Նիկոլ Փաշինյանի ազգադավությունն այն է, որ նա ոչ միայն հայոց մղձավանջը դարձրեց իրականություն, ոչ միայն իրականացրեց թուրք-ադրբեջանական և արևմտյան որոշ շրջանների շատ վաղուց պլանավորված, այսպես կոչված, կարգավորման սցենարը, որը մինչև վերջ չհասցրեց կյանքի կոչել, այլև նա հիմա այդ ազգադավ սցենարի վերջին արարն է խաղում: Նախ՝ նա փորձում է վարկաբեկել այդ կորուստը, ասում է՝ Շուշին դժգույն էր, ո՞վ էր եղել վերջին անգամ այդ տարածքներում, և զուգահեռաբար, պետք է փորձի պատասխանատվությունն իրենից հեռացնել, որովհետև, ըստ ամենայնի, իր տերերը դեռ հույսեր են կապում իր հետ»,- ընդգծեց նա:

Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. «Մնում է, որ ի՞նչ տա, էլ ի՞նչ ունի թուրքին տալու: Ինքը հեռանալու է, այլևս ճար չունի: Բայց, այնուամենայնիվ, հանրային ընդվզումն ակնհայտ է: Հիմա ամենավճռորոշ պահն է՝ սկզբունքային խոսք ասելու. Բոլորը պետք է խոսեն հիմա: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը լավագույնն է այս իրավիճակում, նա և՛ կառավարման փորձ ունի, և՛ ազդեցիկ պետական գործիչ է, և՛ մեր ստրատեգիական դաշնակիցների հարգանքն է վայելում, և՛ ունակ է երկիրը փոսից հանելու: Իհարկե, մենք իր ժամանակավոր կառավարության աշխատանքի ընթացքում փոսից լիովին գուցե դուրս չգանք, բայց հաստատուն կայուն զարգացման ճանապարհ կբռնենք, Արցախն էլ կզգա, որ թիկունքը պինդ է, պետականակենտրոն, հայրենասեր մարդ կա Հայաստանի ղեկին: Իսկ Արցախի կորուստներն էլ պետականակենտրոն իշխանության օրոք վերականգնվելու են, իրերի այս դրությունը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, ո՛չ մեզ ձեռնտու չէ: Իսկ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, ինքը կփորձի կառչել, հնդկական կինո խաղալ. Ամբողջ կառավարության կազմը փոխեց, բայց երկու սրբազան կովի կարգավիճակում կերպար կա, որոնց անգամ այս իրավիճակում ձեռք չտվեց՝ Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան, վերջինիս ավելի բարձր պաշտոնի տարավ: Այսինքն՝ այս մարդն անգամ չի որոշում իր թիմի կազմը, այստեղ ուղղակի վտանգն այն է, որ գուցե ինչ-որ արտաքին դերակատարներ, որ սրանց բերեցին իշխանության, փորձեն վերջին պահին պատուհաս բերել մեր գլխին: Մենք պետք է շատ զգույշ և սթափ գնահատենք իրավիճակը, կանգնենք 17 պետականակենտրոն ուժերի կողքին: Նիկոլ Փաշինյանը պետք է խաղաղությամբ հեռանա, մազ անգամ նրա գլխից չպետք է պակասի, որովհետև նա շատ հարցերի պետք է պատասխանի դատարանում»:

Դիտարկմանը՝ Դուք ասացիք՝ Նիկոլ Փաշինյանը մնում է, որ էլ ի՞նչ տա, արդեն խոսակցություններ կան, որ Զանգեզուրն էլ պետք է տա, նա արձագանքեց. «Վստահ եմ, որ, եթե վերջին րոպեին ռուսական կտրուկ հակազդեցությունը չլիներ, գուցե արդեն տված լիներ, որովհետև սցենարի տրամաբանությունը կարծես ենթադրում էր, որ ողջ Արցախը պետք է հանձնվի: Ինչպես Ջրականից ադրբեջանական ուժերը հասան Շուշի, որտեղ նորմալ ճանապարհ չկա, այդպես էլ Սյունիքը կկտրեին ու կմիանային Նախիջևանին, եթե ռուսական կողմի կտրուկ միջամտությունը չլիներ վերջին պահին, որովհետև ռուսական կողմի համար չկա Նիկոլ Փաշինյանի Հայաստան, կա Հայաստան, որը ռազմավարական գործընկեր է, և որի վերանալը կամ թուլանալը թուլացնելու է նաև իրեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս