«Պնդում եմ, որ ԱԺ-ն հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որպեսզի եռակողմ հայտարարությունը չդառնա ԼՂՀ լուծման կոնցեպտը». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողներին խորհուրդ է տալիս Վազգեն Մանուկյանից հարցնել, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, ապա գազազած ժողովուրդը նրան կհոշոտի:
«Գնացեք այդ մարդուն հարցրեք, թե ինչ նկատի ուներ, թող ինքը բացի չակերտները: Արդյո՞ք սա նշանակում է, որ նա մարդկանց համարում է մի գազազած ամբոխ և ասում է՝ գնացեք այս մարդուն հոշոտեք, սա սխալ է: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այսինքն՝ ոչ թե պետք է զբաղվեն, այլ օրենքը պետք է աշխատի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ինչ վերաբերում է փողոցում մեծ թվով ոստիկանների առկայությանը, պատգամավորն ասաց, որ ոստիկանությունն ինքը պետք է որոշի այն ձևը, որով ինքը պետք է հասարակական կարգը պահպանի, ընդ որում, համաչափ ձևով: Առաջին օրվանից այս հայտարարությունից հետո իր մտավախությունը եղել է այն, որ արյուն չթափվի:
«Կարծում եմ՝ ազգային միասնությունը լինում է ոչ թե մեկի հրաժարականի պահանջով և ստեղծելով հիմնական օրակարգ, այլ լինում է գաղափարների ու ծրագրերի շուրջ: Ես այդպես էի կարծում, որ մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է միավորվի, բայց դիվանագետներն այս պահին դուրս են գալիս, ես չգիտեմ, թե ինչու են դուրս գալիս: Կարծում եմ՝ այդ մարդկանց պետք է հավաքել, և բոլոր այն մարդիկ, որոնք ի վիճակի են ծրագիր առաջարկել, պետք է միավորվեն ոչ թե անձի, այլ պետության շուրջ: Դուք գիտեք, որ ցանկացած հարց լուծվում է բանակցությունների միջոցով, ի՞նչն է խանգարում, որ մտահոգ մարդիկ նստեն ու քննարկեն հարցերը», -հավելեց նա:
Նա նաև շեշտեց, որ ով համարում է, թե եռակողմ ստորագրած հայտարարությունը կապիտուլյացիա է, ինքը նաև համաձայն է այն անօրինականություններին, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից տեղի են ունենում հայկական սահմաններում:
«Կապիտուլյացիա նշանակում է, որ դու թշնամուն ես տվել քո սուվերենիտետը, քո սահմանները, արդյո՞ք մենք համաձայն ենք դա տալու, իհարկե՝ ոչ, որ պահի հայտարարությամբ է դա արվել, ահա սրա մասին պետք է խոսել: Ես ի գիտություն ընդունեցի այն մարդկանց պատճառաբանությունը, որոնք ներկա են եղել այդ հայտարարությունը քննարկելու ժամանակ՝ Ռուսաստանի հետ կամ միջնորդված, բայց ես համաձան չեմ, որ այդ հայտարարությունը ԼՂՀ հարցի լուծումն է: Հիմա ես աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս, դա որևէ կապ չունի բանակցությունների հետ: Սա ներքին ինֆորմացիա է, գուցե հիմա կոռեկտ չէ հրապարակելը, բայց թող ինձ ներեն իմ գործընկերները, ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որպեսզի եռակողմ հայտարարությունը չդառնա ԼՂՀ լուծման կոնցեպտը: Մենք հիմա պետք է փորձենք ընդդիմության հետ միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցող մարդկանց հետ այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի պարտադրված զինադադարի պայման»,- նշեց նա:
Ըստ նրա, փախստականների վերադարձն արդյո՞ք միայն վերաբերում է ադրբեջանցիներին, այլ ոչ թե, օրինակ, հադրութցիներին կամ շուշեցիներին, իհարկե վերաբերում է:
«Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվել է պատերազմական գործողությունների ժամանակ, չի կարող համարվել պայմանագիր, որովհետև բանակցելու համար պատերազմը պետք է դադարեցվի և սկսվեն բանակցություններ»,- եզրափակեց նա: