«Կուսակցություն փակելը սխալ է, պետք է քրեաիրավական ու քաղաքական գնահատական տրվի նրա առանձին անդամների գործունեությանը». Արամ Օրբելյան
Օրերս Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես անդրադարձել էր այս պատերազմից հետո ի հայտ եկող նորանոր հարցերին, հանգամանքներին, անհասկանալի երևույթներին:
«Շատերը տեսնում են, որ պատերազմի հասունացման և պատերազմի նման ընթացքի և խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ և վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր և օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչև պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը»,- մասնավորապես նշել էր նա:
168.am-ը զրուցեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի հետ` պարզելու, թե որքանով են իրատեսական առհասարակ որևէ կուսակցության գործունեությունն արգելելու հեռանկարները:
Ըստ փաստաբանի`Սահմանադրությունն է նախատեսում դրա հիմքերը և ընթացակարգը, և քանի որ ըստ էության 1994 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով ՀՅԴ գործունեությունը Հայաստանում կասեցնելուց հետո այլ նախադեպ չենք ունեցել, այժմ բարդ է դետալացված ներկայացնել դրա ընթացակարգը:
«Ըստ էության դա պետք է լինի կուսակցություն, որն իր էությամբ ապօրինի է, օրինակ, ռասիստական կուսակցությունը: Սակայն, եթե խոսք է գնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին, չեմ կարծում, որ դա հնարավոր է: Դա կլինի քաղաքականացված մոտեցում»,- ասաց Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ քանի որ պրակտիկա չկա, դատարանը կարող է ցանկացած ձևով մեկնաբանել հայցը ու դրա հիմքերը, բայց եթե խնդրին իրատեսական դիրքերից նայենք, չենք կարող ասել, որ, եթե կառավարությունը վատն է, ուրեմն դրա քաղաքական հենարան կուսակությունը պետք է արգելել, և դա նույնն է, երբ նախկինում ասում էին՝ ՀՀԿ-ն արգելենք, որովհետև այնտեղ կոռուպցիոներներ կան:
«Եթե գաղափարախոսությունը հակասահմանադրական չէ, ուրեմն չես կարող արգելել կուսակցությունը: ՔՊ-ն, իհարկե, անտաղանդ կուսակցություն է, և իրենց տերմինոլոգիայով ասած՝ պետք է նետվի պատմության աղբանոցը: Եթե ապացուցվեց, օրինակ, Աղվան Վարդանյանի՝ իր ասուլիսում հնչեցրած այն հռետորական հարցը, թե Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծման համար աստղաբաշխական գումար են տվել Նիկոլ Փաշինյանին, և այդ ծրագրի մշակմանը մասնակցել է նաև ՔՊ-ն, այդ դեպքում կարող է կուսակցությունը ճանաչվել հանցագործ միավոր և դրան անդամակցությունը համարվել հանցագործություն: Որպես օրինակ` նշեմ, որ Գերմանիայում նացիստական կուսակցությանն անդամագրվելն ինքնին հանցագործություն էր, և պարտադիր չէր հանցագործություն կատարել, որ հանցանք վերագրվի»,- ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբանը վստահ է, որ ՔՊ-ի արգելքը նաև քաղաքական տեսանկյունից լավ լուծում չէ, և իրականում լուծման շատ ավելի հետաքրքիր եղանակներ կան, և որքան էլ ընդդիմադիր դաշտին անվանումը դուր չի գալիս, լուծումն անցումային արդարադատության կիրառումն է, որի արդյունքում պետք է ոչ թե կուսակցությունն արգելվի, այլ կոնկրետ մարդիկ ենթարկվեն լյուստրացիայի և, օրինակ, արգելվի նրանց 5 տարի զբաղեցնել որևէ պաշտոն և զբաղվել քաղաքական գործունեությամբ:
«Դա արվում է որոշակի և այլ գործընթացի շրջանակներում: Դա, այսպես կոչված, «տրոյկա» դատարանը չէ, այլ ապաշխարելու և հաշտեցման գործընթացի շրջանակներում կատարվող որոշակի գործընթաց է: Կոպիտ ասած՝ կուսակցությունում ում գործողություններում հանցակազմ կա, ենթարկում են քրեական պատասխանատվության, իսկ մյուսներին ապաշխարելու հնարավորություն է տրվում` իհարկե, նրանց նկատմամբ որոշակի ժամկետներով վերոբերյալ արգելքնեը կիրառելով: Այլ կերպ ասած՝ եթե Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հիմա էլ պետք է վերափոխվի Փաշինյանի դատավարության, ավելի լավ է` չլինի: Որքան էլ մարդը տհաճ լինի, անթույլատրելի է Լինչի դատաստանը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Դիտակմանը, թե այդուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամների գործունեության քրեաիրավական գնահատականը պետք է տրվի, փաստաբանն ասաց, որ պետք է տրվի ոչ միայն քրեաիրավական, այլև քաղաքական գնահատականը:
«2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ձևավորված խորհրդարանական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը, բավականին լուրջ աշխատանք էր կատարել, որով որոշակիորեն դրվեցին նաև Հայաստանի դեմոկրատիզացիայի հիմքերը: Հետո արդեն փաստահավաք խումբ ստեղծեցին` Սեդա Սաֆարյան-Անդրանիկ Քոչարյան տանդեմի մասնակցությամբ, որը հետագայում փորձեց փաստացի ղեկավարել խմբի աշխատանքները, քաղաքականացրեց պրոցեսը, և այդպես էլ չպարզվեցին մարտի 1-ին բուն սպանություն կատարողները:
Այս դեպքում էլ մեծ ծավալի աշխատանք կա անելու, և ժողովրդի համար շատ բան պետք է պարզվի, լույս պետք է սփռվի ողջ այս պրոցեսի վրա, մարդիկ պետք է իմանան` ինչու այսպես եղավ: Դրան ավելացրած` նաև քրեաիրավական դաշտում ահռելի ծավալի աշխատանք կա կատարելու: Օրինակ, պարզ բացատրեմ, պայմանականորեն, եթե ՔՊ որևէ անդամ իմացել է, որ Արցախը 50 միլիարդով ծախել են, ասենք, կամ ծրագրված էր, որ այս պատերազմում պիտի 3000-5000 զոհ լիներ, ուրեմն այդ մարդը պետք է դատվի»,- ասաց Արամ Օրելյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` պետք է բացահայտվի ամեն բան, այդ թվում՝ «ֆեյքերի ֆաբրիկայի» գործունեությունը, դրանց ֆինանսավորման աղբյուրները, և եթե դրանց հեղինակները, օրինակ, իշխանահաճո օլիգարխներն են, պետք է լուրջ քրեաիրավական պատասխանատվության ենթարկվեն: Խոսքը նաև պատգամավորներին է վերաբերում, քանի որ, եթե որևէ բան կապված չէ իրենց քվեարկության կամ պատգամավորական պնդումների հետ, ինչի դեպքում նրանք անձեռնմխելի են, ապա ցանկացած հակաիրավական արարք կատարելու համար նրանք ևս պետք է ենթարկվեն, այդ թվում նաև՝ քրեական պատասխանատվության:
«Ես դեմ եմ կուսակցություն փակելուն, քանի որ Հայաստանում կուսակցությունները գաղափարական ուղղվածության տեսակետից շատ պայմանականորեն են իրարից տարբերվում: Շատ կուսակցություններ տառացիորեն նույնն են թե՛ կոնցեպտուալ գաղափարական ուղղվածության, թե՛ շատ այլ տեսանկյուններից»,- ասաց Արամ Օրբելյանը:
Այս առումով, ըստ մեր զրուցակցի, կուսակցություն փակելը դառնում է ինքնանպատակ, որովհետև մեկին փակելու դեպքում հանգիստ կարող են մյուսը բացել:
«Նիկոլ Փաշինյանն էլ մինչև ՔՊ-ն հիմնադրելը մի քանի այլ կուսակցությունների հետ, իհարկե, առանց անդամակցելու, քաղաքական ակտիվություն դրսևորել է: Կուսակցություն փոխելու գործընթացն այնքան հեշտ է մեզ մոտ, որ անտրամաբանական է այս պարագայում կուսակցություն փակելը: Այս պարագայում կուսակցություն փակելը լարվածություն մտցնող, բայց արդյունք չտվող գործընթաց է, ռեսուրսների անիմաստ ծախս` մինիմալ արդյունքով, ինչը ենթադրելու է նաև մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կոշտ գնահատական»,- ասաց Արամ Օրբելյանը` որպես օրինակ հիշեցնելով, թե ինչպես Էդմոն Մարուքյանի կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն ընտրություններից առաջ դարձավ ՔՊ-ի անդամ:
Այս համատեքստում փաստաբանը ևս մեկ անգամ կարևորեց անձնական պատասխանատվության խնդիրը, և դա իրականում կարևոր խնդիր է, որովհետև այսօր մասնավորապես իշխող խմբակցության պատգամավորները պատասխանատվությունից խուսափելու տրամաբանության մեջ են, հետևաբար՝ անխուսափելի պիտի լինի նրանց քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության խնդրի վերհանումը. յուրաքանչյուրն իր արածի կամ չարածի համար պատասխան պետք է տա:
«Այսօր, օրինակ, սկսած իշխանական պատգամավորների` Սահմանադրության կոպտորեն խախտումներից, որոշների վերաբերյալ կոռուպցիոն սկանդալներից, ավարտած իրենց գործառույթները չկատարելու դրվագներով, կարելի է ակնկալել դրանց քաղաքական և քրեաիրավական գնահատական: Պետք է անձնավորված պատասխանատվություն լինի, ինչը չի նշանակում՝ նվաստացնել տվյալ կուսակցականին, սակայն գործընթացը պետք է շատ հստակ լինի»,- ասաց Արամ Օրբելյանը:
Նրա դիտարկմամբ՝ լյուստրացիա ասվածի տակ կարելի է պայմանականորեն նկատի ունենալ Սորոսի հիմնադրամի ողջ գործունեության վրա լույսի սփռումը, եթե իսկապես ուզում ենք հասկանալ` ինչու և ինչպես պատահեց այս կապիտուլյացիան:
«Պետք է լիովին թարմացնել քննիչների կազմը, համակարգը համալրել պրոֆեսիոնալներով, ապահովել դատախազության անկախությունը, որպեսզի ամեն բան չբարդվի դատարանների վրա: Պետք է հասկանալ յուրաքանչյուրի պատասխանատվության չափը քրեադատավարական տեսանկյունից, ինչպես նաև՝ ոչ քրեադատավարական գործիքակազմերը: Հենց սա է վերականգնող արդարադատության էությունը»,- եզրափակեց Արամ Օրբելյանը` հավելելով նաև, որ կա լրջագույն խնդիր կրթական դաշտում, ինտելեկտուալ որակ ստեղծելու խնդիր, այլապես որևէ քաղաքացի եբևիցե չէր ասի` եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ, և հարցն առաջանալուն պես առնվազն իր մտքում կունենա վարչապետի 5 թեկնածուի անուն: