Երկրաշարժից 32 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ
Շիրակի մարզում, ըստ վերջին հաշվառման, առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով:
«Հանձնաժողովն այս պահին էլ շարունակում է աշխատանքը: Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում: Տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը տարբեր կերպ է լուծվելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ համայնքների կողմից տնակների հաշվառման տվյալները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտե, որտեղ հստակեցվում են տնակները տարածքներից ազատելու կարգերը:
«Տարբեր կացարաններ տարբեր կերպ են ապամոնտաժվելու ու տարածքից հանվելու: Խոսքը ոչ թե տնակում բնակվող բնակչին բնակարանով ապահովվելու, այլ քաղաքի, կամ բնակավայրի տարածքը ժամանակավոր կացարանից ազատելու մասին է»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:
Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների` տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու մնացել տնակում, կան նաև, որ ներքին միգրացիայի արդյունքով եկել տնակ են գնել և ապրում են Գյումրիում: Այսօր այս մեծ բեռը ՀՀ կառավարությունը չի կարող միանգամից վերցնել և տնակում բնակվող բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովել, դրա համար էլ գույքագրվում են, թե որ կատեգորիայի տնակները պետք է փոխհատուցվեն կամ ինչպես պետք է դա իրականցվի: Դա կորոշվի հանձնաժողովի աշխատանքի վերջնական փուլում և կկայացվի կառավարության համապատասխան որոշում, կլինի նաև ժամանակացույց:
Չնայած տնակների առկայութանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա: «Չկան ընտանիքներ, որոնք մնալով անօթևան երկրաշարժից, կորցնելով բնակարան և ճանաչված լինելով շահառու` նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:
Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: