«Այդ խայտառակ կապիտուլյացիայի հայտարարության մեջ նշված չէ, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է անտեսվել Իրանի անվտանգ, ապահով և անվճար ճանապարհը». Իրանահայ քաղաքական մեկնաբան

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքով՝ 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո, Հայաստանի անցումը դեպի արևմտյան ժողովրդավարություն և տնտեսական լիբերալիզմ՝ համահունչ էր արևմտյան քաղաքականությանը: Բայց Եվրոպան և Միացյալ Նահանգները ոչ մի նշանակալի քայլ չձեռնարկեցին օգնելու Հայաստանին, որը պատերազմում էր շատ ավելի հզոր թշնամիների հետ:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանիսիայի և ԱՄՆ-ի երկակի մոտեցումները ոչ միայն չօգնեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլև այն հասցրեցին աղետալի իրավիճակի, որի առջև այսօր կանգնած են Հայաստանը և Արցախը: Փաստորեն, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, չնայած 28 տարիների աշխատանքին, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջ տալուն, չի կարողացել իրականացնել այդ առաքելությունը: Արցախյան վերջին պատերազմից և հայկական կողմի ամոթալի պարտությունից հետո, կարծում եմ՝ այլևս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը կորցրել է իր իմաստն ու ազդեցությունը և հաշվի առնելով Ռուսաստանի բացարձակ դերակատարությունը և ներկայությունը տարածաշրջանում և Թուրքիայի պնդումները և հավակնությունները արցախյան խաղաղության գործընթացին՝ ուղղակի և ակտիվ մասնակցություն ունենալու վերաբերյալ, դժվար թե Մինսկի խմբի ներկայիս ձևաչափը կարողանա լուրջ դերակատարություն ունենալ հետագա զարգացումների վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սահակ Շահմուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե շատ է խոսվում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին, եթե նման բան տեղի ունենա, Իրանն այստեղ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ և ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել։

Ըստ քաղաքական մեկնաբանի, այս առումով այսօր պետք է նոր էջ բացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշտորոշման շուրջ և բանակցությունները պետք է շարունակվեն նոր ձևաչափով։

«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և որոշ եվրոպական պետություններ բողոքել են այդ հայտարարության ստորագրման դեմ, ինչը պատճառ է դարձել, որպեսզի Ռուսաստանն ավելի ուշադիր հետևի Հայաստանում ծայր առած հասարակական և հակակառավարական բողոքներին և փորձի Հայաստանի կապիտուլացիայի դրույթները պահպանելով, Հայաստանի ներկայիս իշխանությանը պահել ղեկին մինչև իր դիրքերի առավել ամրապնդմանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վերջնական լուծարմանը, ինչը բխում է Ռուսաստանի շահերից կովկասյան տարածաշրջանում:

Հատկանշական է, որ Իրանը սկզբից դեմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և միշտ պնդել է, որ Իրանի ռազմավարությունը հիմնված է տարածաշրջանից ԱՄՆ-ի ու արտատարածաշրջանային ուժերի դուրս գալու անհրաժեշտության վրա:

Փաստորեն Ռուսաստանի նախաձեռնությամբ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախագծի» մեկնարկը կարող է սկիզբ հանդիսանալ Հարավային Կովկասում տարածաշրջանային որոշ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի ներկայության համար: Իրանի տեսակետից Մերձավոր Արևելքի և Կովկասյան տարածաշրջաններում և Արևմտյան Ասիայում՝ արտատարածաշրջանային ուժերի գլխավորությամբ ցանկացած կոալիցիայի ձևավորումը բացահայտ միջամտություն է տարածաշրջանի երկրների խնդիրներին: Իսկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի միջամտությունը, որպես Արևմուտքի և Իսրայելի դաշնակից երկիր և ՆԱՏՕ-ի անդամ, դիտվում է՝ որպես Արևմուտքի պրոքսի ներկայությունը Հարավային Կովկասում։

Թուրքիայի հավանական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղի զինադադարի գործընթացում ճանապարհ կհարթի այդ երկրի համար տարածաշրջանում երկարատև ժամանակով մնալու համար: Հետևաբար, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհառազմավարական դիրքը, Թուրքիան կկարողանա էական ազդեցություն ունենալ Հյուսիսի և Հարավի միջև տնտեսական-առևտրային տարանցիկ ապագա որոշումների վրա, որոնց շուրջ Իրանը երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ սա կարող է հավասարումները փոխել Թուրքիայի օգտին: Հետևաբար՝ Իրանը կփորձի մոտենալ Հայաստանին, և նույնիսկ Ադրբեջանին՝ չեզոքացնելով թուրքական ռազմական շարժումները և տնտեսական դերակատարումը Կովկասում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո, երբ հայկական դիվանագիտությունը պարտություն կրեց, Իրանը Հայաստանին ինչպիսի՞ գործընկեր է դիտարկում, Սահակ Շահմուրադյանը պատասխանեց, որ Հարավային Կովկասում ստեղծված պայմաններում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի ամրապնդումը չի բխում Իրանի շահերից: Իսկ այդ խայտառակ հայտարարության համաձայն՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հարավում՝ Սյունիքի նահանգում, Բաքվի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհ է կառուցվելու: Նախքան այս հայտարարության ստորագրումն Ադրբեջանի վերոնշյալ երկու տարածքներն իրար հետ կապվում էին Իրանի ճանապարհով:

«Անկասկած, Իրանին անհանգստացնում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության անորոշությունները, որի մասին Հայաստանը չփորձեց խորհրդակցել և նույնիսկ տեղյակ պահել Իրանին։ Այդ խայտառակ կապիտուլյացիայի հայտարարության մեջ հստակ նշված չէ, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է անտեսվել Իրանի անվտանգ, ապահով և անվճար ճանապարհը և նոր ճանապարհ առաջարկվել Բաքվի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու համար:

Չնայած հայտարարության մեջ ասված է, որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի այդ հատվածն անջատվում է երկրից, և կառավարումը փոխանցվում է ՌԴ-ին: Իրանին նաև հետաքրքրում է՝ արդյոք այդպիսով Իրանի Նորդուզի անցակետից բացի, Իրանն ու Հայաստանն այլևս սահման չե՞ն ունենալու: Այս և մյուս խնդիրները լուրջ քննարկման և պարզաբանման կարիք ունեցող հարցեր են, որոնց մասին հետաքրքրություն են ցուցաբերում իրանցի դիվանագետներն ու քաղաքատնտեսական փորձագետները, և Իրանի պետական ապարատն այժմ լուրջ վերանայում է իր առաջիկա քաղաքականությունը տարածաշրջանում առաջացած գեոպոլիտիկական փոփոխությունների վերաբերյալ»,- հավելեց նա:

Ս. Շահմուրադյանը նաև նկատեց՝ Հարավային Կովկասում և Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացումը և Հայաստանի հարավային տարածքով Բաքու-Նախիջևան միջանցքի կառուցումը աստիճանաբար կթուլացնի Իրանի առևտրատնտեսական ներկայությունը Հայաստանում, Ադրբեջանում և ԵԱՏՄ-ում, կնվազի Ռուսաստանի աշխարհաքաղաքական երկարաժամկետ գերակայությունը տարածաշրջանում: Հետևաբար՝ Իրանը կփորձի նոր որակ մտցնել իր և Հայաստանի միջև հարաբերություններում և շարունակել իր առևտրատնտեսական, տրանզիտ, անվտանգության, էներգետիկ և հավանաբար ռազմական համագործակցությունը՝ պայմանով, որ Հայաստանի իշխանությունները հասկանալով իրավիճակի կտրուկ փոփոխությունները և հաշվի առնելով ազգային և պետական շահերը՝ փորձեն վերանայել իրենց նախկին թույլ ու անփույթ քաղաքականությունը հարավային հզոր և կարևոր հարևան՝ Իրանի նկատմամբ, և ձեռնարկել համապատասխան և համարժեք միջոցառումներ երկու երկրի տնտեսական և տրանզիտ համագործակցություններն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։

«Ուշագրավ է, ներկա պայմաններում, երբ Իրանը հայտնվել է ԱՄՆ-ի և Արևմտյան որոշ երկրների շրջափակման ծուղակում և Իրանի իշխանությունները փորձում են հարևան երկրների օգնությամբ ճեղքել այդ պատժամիջոցների օղակը, առանձնապես կարևորվում է Հայաստան-Իրան ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, ինչի մասին արդեն խոսվում է երկար ժամանակ, սակայն դրա հանդեպ, ցավոք, միշտ անուշադիր է եղել Հայաստանը:

Հետևաբար՝ ստեղծված անբարենպաստ պայմաններում այս ուղղությամբ պետք է լուրջ մտածել իրանական, հայկական և միջազգային ընկերությունների և ներդրողների համագործակցային միտումները զարգացնելու և ճանապարհաշինության նախագծերն իրականացնելու համար մշակել համատեղ ծրագիր և հեռակա ռազմավարություն: Իրանը Հայաստանին միշտ էլ դիտարկել է՝ որպես հուսալի գործընկեր, որն ունի մեծ պոտենցիալ երկկողմ հարաբերությունները և համագործակցություններն ընդլայնելու համար, և այժմ էլ ոչինչ չի պակասել այդ դրական միտումներից՝ պայմանով, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները և տնտեսական բաժնի գործարարները սթափվեն և ավելի լրջորեն քայլեր ձեռնարկեն Իրանի հետ արևտրատնտեսական և ռազմավարական հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս