Այսօր չկա պետություն, կա իրեն կառավարություն, իշխանություն անվանող խումբ, որը, բացի ատելություն սերմանելուց ու ֆեյսբուքյան քարոզչությունից, այլև ոչինչ չի կառավարում․ Կարեն Վրթանեսյան
Այն, որ քաղաքացիներն են բանակցում սահմանների գծման ժամանակ, վկայում է այն մասին, որ այս պահի դրությամբ հայկական պետականություն գոյություն չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Սոթքի հանքավայրում, Սյունիքի Տեղ գյուղում քաղաքացիները ստիպված եղել բանակցել թշնամու հետ, և հարցին՝ որտեղ ենք թերացել, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել։
«Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք պարտավոր էին, երդվել էին պաշտպանել մեր պետության անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը, պարտավորվել էին ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, որոնք պարտավոր էին ապահովել նաև Արցախի անվտանգությունը, քանի որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, բոլոր մակարդակներով խայտառակ ձևով տապալել են իրենց գործը»,-ասաց Վրթանեսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ըստ էության, այսօր չկա պետություն, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու ՀՀ քաղաքացիները պետք է հարկեր մուծեն կառավարությանը՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Հայաստանի սահմանների անվտանգությունը պահում է Սյունիքի գյուղապետ։
«Սյունիքում գյուղապետն անձամբ է գնում, բանակցում, նա է ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարը։ 30 տարի կառուցվել է պետություն։ Բոլոր թերություններով հանդերձ՝ եղել է պետություն՝ արտգործնախարարով, պաշտպանության նախարարով, հիմա այդ ամենը քանդված է։ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, երբ անդրադառնում էր Սոթքի հանքավայրին, ըստ էության անթաքույց հայտարարեց, որ Սոթքի հանքի վերաբերյալ բանակցում են ռուսները։ Եթե բոլոր հարցերով բանակցում են ռուսները, օրինակ, Տիրան Խաչատրյանի գոյության, պաշտոն զբաղեցնելու իմաստը որն է, ինչու է աշխատավարձ ստանում։ Եթե այդպես է, ստացվում է՝ Սյունիքի մարզում աշխատող գյուղապետը շատ ավելի մեծ գործ է անում, քան Տիրան Խաչատրյանը»,-ասաց նա։
Ըստ Վրթանեսյանի՝ իրեն կառավարություն, իշխանություն անվանող ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ՝ հանցագործների խումբը որևէ կերպ ո՛չ կառավարում է, ո՛չ իշխանություն է, և բացի ատելություն սերմանելուց ու ֆեյսբուքյան քարոզչությունից՝ ոչինչ չի կառավարում։
Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության ստորագրումից տևական ժամանակ է անցել, սակայն բազմաթիվ հարցեր դեռևս անապատասխան են, Վրթանեսյանն արձագանքեց․
«Եթե մեր պետության սահմանների հարցը լուծում են ադրբեջանցիները՝ ռուսների հետ բանակցելով, եթե մեր կորած, առևանգված քաղաքացիների հարցերը լուծում են ռուսները, այդ դեպքում ինչու՞ պետք է այդ հարցերը պատասխան ունենան, եթե այն մարդիկ, որոնք ժամանակին ընտրվել էին պետությունը ղեկավարելու համար, այս պահին ոչ մի բան չեն անում այդ ուղղությամբ»։
Նա ընդգծեց՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք աշխատավարձ, պարգևավճարներ են ստանում, ոչ մի բանից տեղյակ չեն, որևէ հարցի պատասխանել չեն կարողանում, դեռ այդքանից հետո շարունակում են պնդել, որ պետք է ղեկավարեն, երկիրը ճգնաժամից դուրս բերեն։
«Այս պահին արդեն ակնհայտ է, որ իրենք երկիրը ոչ միայն գցել են ճգնաժամի մեջ, այլև ընդհանրապես ի վիճակի չեն նույնիսկ մինիմալ անհրաժեշտ բաներն ապահովել։ Մարդիկ ինքնուրույն զբաղվում են կորածների հարցով, բանակցում են, ծանոթներ են գտնում, «կրիմինալ» աշխարհին են դիմում ինչ-որ հարցերով, որովհետև պետություն՝ որպես այդպիսին, չկա։ Մինչև չազատվենք պետությունը զավթած այս հանցավոր խմբից, չենք կարող այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալ»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։