«Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է երեխաներին ծեծելու մասին լուրերը
«Մեր բակը» մասնավոր մանկապարտեզը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանն ասաց, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը, ով իր երեխային 2 օր է ինչ տանում է այդ մանկապարտեզ:
«Հարցեր կան, որոնք դեռ չենք պարզել: Պետք է հասկանանք, թե ինչ ձայնագրություններ են: Ծնողներից մեկը հրապարակել է այդ ձայնագրությունը, սակայն մենք արդեն դիմել ենք բոլոր օրինական հարթակներ: Օրենքի սահմաններում կպարզվի՝ արդյոք այդ ձայնագրությունն արվել է մեր մանկապարտեզում, ըստ այդմ մենք հանդես կգանք մեկնաբանությամբ»,- նշեց Հայրապետյանը և հավելեց, որ, երբ իրավապահները կավարտեն իրենց գործը, կտան վերջնական եզրակացություն դեպքի առնչությամբ, այդ ժամանակ էլ համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ծնողները ներկայում հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին:
«Հետագա գործողությունների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշեցին ոստիկանությունից: