Ինչո՞ւ է գաղտնի պահվում Արայիկ Հարությունյանի՝ Սյունիք մեկնելու նպատակը
Դեկտեմբերի 1-ին կառավարության կայքում հրապարակվեցՆիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվում էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
Հավելյալ որևէ տեղեկատվություն հասարակությանը չտրվեց:
Դեկտեմբերի 2-ին 168.am–ի հետ զրույցում էլ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանն ասել էր, որ որևէ տեղեկատվություն չունեն, թե վարչապետի խորհրդականն ինչու է գործուղվել Սյունիքի մարզ։
«Այսպես ասած, մենք իրավասու չենք այդ հարցին պատասխանել, խնդրում ենք դա ճշտել վարչապետի աշխատակազմից»,- ասել էր Արմինե Ավագյանը։
Ինչպես դեկտեմբերի 2-ին, այնպես էլ այսօր փորձեցինք թե՛ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի, թե՛ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, և թե՛ անձամբ Արայիկ Հարությունյանից ճշտել նրա՝ Սյունիք գործուղվելու նպատակը կամ պատճառը:
Ինչպես միշտ, հասանելի էր միայն Արմեն Խաչատրյանը: Մանե Գևորգյանը մեր՝ տարբեր ժամերի արված հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Արայիկ Հարությունյանի հեռախոսն առհասարակ անջատված էր:
Արմեն Խաչատրյանն էլ մեզ խորհուրդ տվեց խոսել Արայիկ Հարությունյանի հետ ու նրանից ճշտել իր գործուղման նպատակը:
«Միայն ինքը կարող է այդ հարցին պատասխանել, որովհետև հնարավոր է, օրինակ, նա գաղտնի հանձնարարականով է մեկնել Սյունիքի մարզ: Դրա համար միայն ինքը կարող է մեկնաբանել»,- ասաց կառավարության լրատվության պատասխանատուն:
Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման մեջ չպետք է նշված լիներ, որ կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդականը գաղտնի հանձնարարականով է մեկնում Սյունիք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ, պարտադիր չէ: