«Վազգեն Մանուկյանն ունի զգալի փորձառություն մեր արտաքին գործընկերների հետ աշխատանքի առումով, որը Հայաստանի համար շահեկան դիրքեր ապահովելու համար կարևոր է». Վարդան Ոսկանյան
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը» երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 17 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։
Միևնույն ժամանակ, «Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը» նշել էր, որ իրենց հետագա ճանապարհային քարտեզի վերաբերյալ մանրամասները կհայտնեն դեկտեմբերի 5-ին սպասվող մեծ հանրահավաքին։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը և հանրահավաքից սպասվող ակնկալիքներին՝ նշեց, որ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ըստ էության, ստեղծվում է ժամանակավոր Կառավարություն, որը կգործի մեկ տարի ժամկետով։
«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ՀՀ հիմնադիր հայրերից մեկի հետ, որն իր անցած ուղով և պետական գործունեությամբ՝ ապացուցել է, որ կարող է լինել ճգնաժամային կառավարիչ։ Խոսքը վերաբերում է 1990-ական թվականներին, երբ նաև Վազգեն Մանուկյանը դարձավ Արցախյան շարժման և մեր համազգային հաղթանակների խորհրդանիշը։ Նա ունի բոլոր կարող հատկանիշները համախմբելու մեր հասարակությանը, քաղաքական լայն ուժերի, որպեսզի կարողանանք ստեղծել հայրենիքի փրկության կառավարություն։ Այն իր մեջ ներառելու է թե՛ տարբեր կուսակցություններից անձանց, թե՛ արտակուսակցական ուժերի, այսինքն՝ արժանավորների կուսակցություն է լինելու, որը պետք է կառավարի երկրում ստեղծված քաոսային իրավիճակը, որը ես կբնորոշեի նաև՝ աղետալի վիճակ, և երկիրը կայունացնելով՝ տանի արտահերթ ընտրությունների։ Այդ ժամանակ էլ մեր քաղաքացիները կկարողանան իրենց նախասիրությունների, կողմնորոշումների և համակրանքների շրջանում ընտրություն կատարել»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա նաև շեշտեց, որ Վազգեն Մանուկյանն ընկալելի ու ընդունելի է Հայաստանի դաշնակից և բարեկամ պետությունների կողմից։
«Վազգեն Մանուկյանն ունի զգալի փորձառություն մեր արտաքին գործընկերների հետ աշխատանքի առումով, որը պակաս կարևոր չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարության համատեքստում, հնարավորություններ կան Հայաստանի համար շահեկան ու նպաստավոր դիրքեր ապահովել։ Հումանիտար և սահմանազատման ոլորտներում բացիթողի վիճակ է, և տեղական մակարդակով են հարցերը լուծվում՝ գյուղապետերի, գյուղացիների, Սյունիքի մարզում ստեղծված վիճակն էլ դրա օրինակներից մեկն է։ Որքան հնարավոր է՝ Հայաստանը պետք է վերականգնի ինքնիշխանությունն իր ողջ տարածքի նկատմամբ։ Փորձը ցույց է տալիս, որ այս ամենն իրեն իշխանություն հորջորջող ներկայիս վարչախմբի օրոք անհնարին է»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է հանրահավաքից սպասելիքներին՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ իրականության մեջ հանրահավաքները և բողոքի գործողություններն ուղղված են երկու խնդիր լուծելու։ Նախ՝ պարտության խորհրդանիշ անձին վարչապետի պաշտոնից հեռացնելուն, ինչպես նաև՝ ծրագրի և գործողությունների քարտեզի ներկայացման, Հայաստանի ներսում կայունության ապահովման և պետության համար տեսլական նախանշելու համար։
«Այս երկու հիմնական ուղղություններն են լինելու դեկտեմբերի 5-ի հանրահավաքի թեման։ Առհասարակ ՀՀ ներկա վարչախումբն ունի անհասկանալի վարքագիծ, երբ փորձ է կատարում պարտության մեղավորներ գտնել սեփական իշխանությունից դուրս։ Ակնհայտ է, որ կառավարման բոլոր լծակները գտնվել են իշխանության ձեռքում, հետևաբար՝ չեն իրականացրել պատշաճ կառավարում, ներհասարակական համախմբում, և այն բոլոր գործողությունները, որոնք բնորոշ են պետական համակարգի կազմակերպվածությանը, սրա միակ մեղավորը վարչախումբն է և վարչախմբի պարագլուխը, ուստի սլաքները տեղափոխել հասարակության և առանձին անհատների, ընդդիմության վրա՝ տեղին չէ և հերթական մանիպուլյատիվ խաղն է։ Մենք գործ ունենք հայրենիքի փրկության շարժման հետ, և արդեն անունից պարզ է, որ սա կուսակցական շարժում չէ, այլ վերկուսակցական շարժում, որը միտված է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների փրկությանը»,- հավելեց նա։
Հարցին՝ Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելուց հետո արդյո՞ք ի վիճակի է եռակողմ համաձայնագրում եղած կետերի հետ կապված որոշակի աշխատանքներ կատարել՝ հօգուտ Հայաստանի, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ եռակողմ հայտարարության մեջ կան բազմաթիվ հեղհեղուկ կետեր, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար այդ հայտարարության շրջանակներում ստանալ հնարավորինս ընդունելի արդյունքներ։
«Օրինակ, սահմանազատման գործընթացում, գերիների վերադարձի, անհետ կորած զինվորների խնդիրներով զբաղվելու հարցում և բազմաթիվ այլ հարցերում, որոնք ըստ էության հստակորեն նախանշված չեն հայտարարության տեքստում և թույլ են տալիս լուրջ ու պատրաստ բանակցողի դեպքում՝ Հայաստանի համար ապահովել հնարավորինս ընդունելի ու պատշաճ պայմաններ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: