«Չեմ համարում, որ Հայաստանում կա մարդ, ով հավատում է, որ մեր վարչապետը կարող է դավաճան լինել». Վահե Ղալումյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լուրջ չի համարում Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելը։
«Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից։ Ընդդիմությունն իր օրակարգն ունի, կարող է իր թեկնածուին առաջադրել։ Մենք երկրի շահն ու կայունությունը դիտարկելով՝ գտնում ենք, որ ՀՀ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Պետք է պահել մեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է կայունություն ու ապահովություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
Ինչ վերաբերում է բնորոշումներին, թե իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հողատու է, դավաճան, Վահե Ղալումյանը նկատեց՝ դրանք անլուրջ են և չհիմնավորված։
«Մենք տեսնում ենք, որ այդ մեղադրանքն անհիմն է, ինչի՞ մեջ են մեղադրում, դավաճանության։ Չեմ համարում, որ Հայաստանում կա նման մարդ, ով հավատում է, որ մեր վարչապետը կարող է դավաճան լինել»,- շեշտեց նա։
Նա չցանկացավ անդրադառնալ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին՝ նշելով, որ տեղյակ չէ, և դրա հետ կապված՝ մարզից ընտրված պատգամավորն արդեն խոսել է։
Անդրադառնալով հայ գերիներին՝ Վահե Ղալումյանն ասաց, որ նրանց վերադարձը կախված չէ միայն Հայաստանի իշխանություններից։ Սակայն համոզված է, որ իշխանություններն անում են ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի բոլոր գերիներին վերադարձնեն։
«Մենք գերեվարված տղաների ծնողներին հասկանում ենք, մենք էլ նրանց հետ պայքարում ենք մեր դաշտում։ Տեսնում եմ, որ մեր երկիրը շատ դաժան պատերազմի մեջ է եղել և այդ պատերազմի պայմաններում առավելագույնն արվել է՝ զինվորների համար պայմաններ ստեղծել։ Եթե Փաշինյանը խոսել է դավաճաններից, ուրեմն՝ դրան կանդրադառնա, Արայիկ Հարությունյանն էլ պետք է ասի, թե ով է դավաճան»,- եզրափակեց իշխանական թևի պատգամավորը։