«Թուրքիայի նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է և Կարսի պայմանագրի անուղղակի ճանաչումը Հայաստանի կողմից». Թուրքագետ

Նոյեմբերի 3-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է: Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանահայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն անդրադառնալով թուրք նախարարի այս հայտարարությանը, նշեց, որ նոյեմբերի 10-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր սահմանները պետք է բացվեն՝ դեբլոկադայի ենթարկվեն, հետևաբար՝ ենթադրվում է, որ Թուրքիան կարողացել է «լուծել» Արցախի հարցը, ուստի կարող են խոսել նաև հայ-թուրքական հարաբերություններից։

«Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ Թուրքիան միշտ հայտարարում էր, որ պետք է լուծվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցը, որից հետո միայն խոսք կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։ Հիմա, երբ այդ հայտարարությունը կա, թվում է, թե խոչընդոտներից մեկը վերացել է, դրա համար էլ այս լույսի ներքո են արվում հայտարությունները՝ նշելով, որ հնարավոր է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Ես այստեղ բազմաթիվ խութեր եմ տեսնում՝ Էրդողանն ու իր կառավարությունը, բացի այս նախապայմանից՝ հայկական զորքերի դուրսբերումը «օկուպացված» տարածքներից, նաև առաջ են մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, սահմանների անուղղակի ճանաչումը, ինչը նշանակում էր Կարսի պայմանագրի անուղղակի ճանաչում Հայաստանի կողմից։ Կարծում եմ, եթե փորձեր արվեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, ապա Թուրքիան առաջ է բերելու այս նախապայմանները»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը, թուրքագետը նկատեց՝ չի կիսում այն տեսակետները, թե Թուրքիան տարածաշրջանում ձեռք է բերել գերիշխող դիրք։

«Թուրքիան արդեն վաղուց  ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի  հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Արցախի հարցի բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված տեսակետներին և Թուրքիայի  հավանական ներկայությանը բանակցային սեղանի շուրջ, Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին որևէ նախադրյալ չի տեսնում, ըստ որի՝ կարող է բանակցային ձևաչափը փոփոխության ենթարկվել, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին։

«Մինսկի խմբի ստեղծման սկզբում Թուրքիան փորձեր արել է խցկվելու այնտեղ, նույն ցանկությունն ակտիվորեն հայտնում է նաև վերջին շրջանում, այդուհանդերձ առ այսօր հաջողվել է Թուրքիային հեռու պահել Մինսկի խմբի համանախագահող երկրների ցանկից։ Այլ բան է, որ Թուրքիան իր գործողություններով այլ ճանապարհ է գտել ներկա լինելու, եթե ոչ՝ բանակցային սեղանի շուրջ, ապա՝ սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերելու հաշվին՝ լինել Արցախում։ Հարկ է նաև նշել, որ, եթե նախկինում Հայաստանը հանդիսանում էր ակտիվ սուբյեկտ բանակցային գործընթացում և կարող էր հակազդել թշնամու բոլոր հակազդեցություններին, ապա ներկայում Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է նվազել՝ Կառավարության վարած քաղաքականության արդյունքում, որ պարզ լեզվով ասած՝ Հայաստանի ձայնն այդքան էլ որոշիչ չէ։ Ըստ էության ստացվում է  այնպես, որ մեր փոխարեն որոշում են ուրիշները, և դա արդյունք է Հայաստանի սուբյեկտայնության կորստի»,- նշեց թուրքագետը։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան միշտ ցանկացել է, որպեսզի իր զորքերը տեղակայի Արցախում, սակայն վերջին պատերազմից հետո, Ռուսաստանին հաջողվեց իր ճկուն դիվանագիտությամբ  նման բան թույլ տալ, ավելին՝ ինչ-որ պահի ՌԴ-ն հասկացավ, որ չպետք է գտնվել Թուրքիայի ծիրում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս