«Քո հրճվանքը երկար չի տևելու… դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու». «Սև հովազի» եղբայրը Փաշինյանին հիշեցրեց, որ՝ «3 օրը լրացավ ու դավաճանը պատժվելու է». Aravot.am

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը 3 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով. «Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու: Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալի՛ր, եթե ոչ, դու ես դավաճանը»:

Նա նաեւ պահանջել էր՝ «հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք»:

3 օրն անցավ ու, ինչպես տեսանք, Փաշինյանն անհաղորդ մնաց:

Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ վարչապետի հետ խոսել իր լեզվով: Այն ժամանակ, երբ ինքը ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ պատասխանելու եմ այն հարցերին, որոնք ավելի շատ հավանում՝ «լայք» կստանան: Իմ նշած հարցերը 100 հազարավոր հավանում են ստացել, պարո՛ն վարչապետ այսինքն, դուք ձեր սկզբունքները դավաճանեցիք, 100 հազարավոր մարդկանց հարցադրմանը չպատասխանեցիք: Ես տարբեր երկրներից ստացել եմ արձագանքներ, անձնական նամակներ, ինձ գրում են՝ մենք Նիկոլի ֆանատն ենք, բայց եթե չպատասխանեց, ուրեմն մենք միաձայն համաձայնում ենք ձեզ հետ՝ նշանակում է դավաճանն ինքն է, ուրիշ կարծիք չկա: Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, որովհետեւ դուք չունեք այդ հարցերի պատասխանը: Ես եկած օրվանից ձեր կոդը ճանաչում եմ…Դուք ունեք կոդ ու ձեր կոդը սա էր. Երբ որ Աստված Եդեմի պարտեզը կառուցեց, Ադամին ու Եվային ասեց՝ չուտեք այս ծառից, ուտեք՝ կմեռնեք, բայց եկավ սատանան ու ի՞նչ արեց, հպարտություն բերեց ու ասեց՝ եթե դուք ուտեք այս պտղից, աստվածների պես կդառնաք: Դու այդ կոդով մնար Հայաստան՝ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դուք 3 մլն վարչապետներ եք»:

Դիմելով Փաշինյանին՝ Սերոբ Գասպարյանն ասաց. «Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, դուք մեղավորներին չկալանավորեցիք, ես ընդունում եմ սա՝ որպես դավաճանություն: Դավաճանները պիտի պատժվեն…Երբ որ ես ասում եմ՝ դավաճանը պիտի բացահայտվի, ինչ-որ մարդիկ մտածում են, թե ես աթոռի կռիվ եմ անում: Լսե՛ք, ժողովուրդ, ես կորցրել եմ իմ ամենաթանկը, ես կորցրել եմ իմ թանկերին, ի՞նչ աթոռի մասին եք խոսում դուք, այս տիպի կարողացել են ձեզ կուրացնել: Եթե մեկը հարցադրում է անում, նշանակում է աթոռի կռի՞վ է անում: Դու չհրապարակեցիր ցուցակ ձեր եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհվածների, չհրապարակեցիր դավաճանների անուններ: Միգուցե հիմա ես քեզ օգնեմ ու նորից պատերազմի դաշտ մտնեմ: Սա՝ քո մասին. «քո»-ով եմ խոսում, որովհետեւ դու պիտի վաստակեիր «ձեր» ասելու արժանիքները, քո սկզբունքներին դու դավաճանեցիր: Չգիտենք այսօր ինչ է կատարվում Հայաստանում: Ես երեկ տեսել եմ մի տեսագրություն, թե ոնց է նվաստացնում թուրքը հային: Դուք չե՞ք ամաչում՝ լսելով այն գեներալին, որ հայերեն զրուցում է, ասում է՝ «շնե՛ր, մենք գալու ենք Երեւան»:

Ո՞վ է պատճառը, որ թուրքը ինձ շուն է անվանում, ո՞վ է դրա մեղավորը, ո՞վ սարքեց դա: 3 ամիս առաջ մենք էինք ասում՝ շնե՛ր, գալու ենք Բաքու: Այսօր նրա՛նք են ասում, դո՛ւ ես դրա մեղավորը: Ճիշտ ես ասում, պարո՛ն վարչապետ, նախկիններն են մեղավոր, որ դու կաս այսօր, նախկիններին չսիրելով՝ ձեզ բերեցին: Խնդրում եմ ձեզ, Աստծո սիրուն, գնացե՛ք, դուք չեք կարող այս ազգին ճահճի մեջից հանել…Այո՛, պարոն վարչապետ, մենք վնգստում ենք: Ամեն գիշեր վնգստում ենք մեր երեխաներին տեսնելով, բայց դու հրճվում ես: Քո հրճվանքը երկար չի տեւելու: Հազարավոր մայրեր, հազարավոր քույրեր, եղբայրներ վնգստում են, ինչպես դու ասացիր: Ես ամեն գիշեր գերեզմանոցում վնգստում եմ իմ եղբոր վրա, իմ եղբոր որդու վրա: Քո խոսքերն եմ ասում՝ վնգստացողներ, դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու: Տասը հազարավոր մարդիկ քո աչքերում երեւում են ու մի օր դու իսկապես կդառնաս հիվանդ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս