Ով կամ ովքեր կարող են փրկել երկիրը

Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունները պետք է հեռանան, և ստեղծվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն:

«Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է օր առաջ հեռանա: Մինչև հաջորդ ընտրություններ անցկացնելը պետք է հասարակության շրջանում կոնսենսուս առաջանա պետության կառավարման ձևի վերաբերյալ, որովհետև պառլամենտական կառավարման ձևը կարծես թե ցույց տվեց, որ իրեն չի արդարացնում հատկապես ռազմական իրավիճակի պայմաններում, որտեղ կարծես թե պատասխանատվությունը կրող մեկ միասնական ինստիտուտ գոյություն չունի՝ մեկը բանակի վրա է մեղքը գցում, մյուսը՝ պետության ղեկավարի, մյուսն ասում է՝ պետության ղեկավարն առաջնային մանդատ չունի, ԱԺ-ն է ընտրել, այսինքն՝ պատասխանատվություն կրելու խնդիրը կա: Սա պետք է արձանագրվի: Ես նույնպես պաշտպանում եմ այն թեզը, որ ժամանակավոր ճգնաժամային կառավարություն պետք է ստեղծվի: Ժամանակավոր կառավարությունը պետք է չունենա որևէ քաղաքական կապվածություն, կամ, եթե այդպիսին կա, ապա պետք է լինի քաղաքական ուժերից խմբի անդամների ավելի լայն մենյու՝ հասարակության հնարավոր տրամադրություններն արտահայտող: Ընդ որում՝ այդ մարդիկ պետք է լինեն կառավարիչներ, կառավարման սկզբունքները հասկացող, իրավիճակը գնահատող»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և անհնար չէր խուսափել այս պատերազմից. «Թեև արդարության համար պետք է ասել, որ այս պատերազմը միայն մեզնից կախված երևույթ չէր, և այս պատերազմի արմատները շատ հստակ տեսանելի էին հատկապես վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներից: Հստակ տեսանելի էր նրանից, որ Թուրքիան ռազմապես ինքնաբավ էր դառնում, իր ռազմական կարիքների 60 տոկոսից ավելին այդ երկիրն ինքն է կարողանում արտադրել: Թուրքիան միջազգային քաղաքականության մեջ դառնում էր անսանձ, հավակնոտ երկիր, և դա հստակ տեսանելի էր նրա գործողություններով Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում: Համապատասխան մարդիկ և փորձագետներն այդ ամենը տեսնում և բարձրաձայնում էին, թե ինչ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում Թուրքիայում, որի արդյունքում սուլթանական իշխանություն էր ստեղծված, մեկ մարդու ասածը կատարվում էր, և այդ մեկ մարդը ուրվագծում էր իր երկրի ոչ միայն տեսլականը, այլ կոնկրետ քաղաքականությունը: Դրա արտահայտությունն էր նաև այն, որ պետք է իր դաշնակից Ադրբեջանին դնի իր լիարժեք վերահսկողության տակ, և դրա մասին պարբերաբար հայտարարություններ արվում էին Էրդողանի կողմից, որ՝ եթե ես լինեի 90-ականներին Թուրքիայի ղեկավարը, ապա Ղարաբաղում Ադրբեջանը չէր պարտվի: Ազդանշանները լիուլի կային, իրողություններն էլ տանում էին դրան, և կարելի էր անպայման խուսափել պատերազմից՝ դաշնակցի հետ ունենալով ճիշտ, հստակ պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածությունները պահելով, բաց խոսելով»:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ չպետք էր պետության կառավարման մեջ հերոսացման մոլուցք ունենալ. «Դժվար է դիմանալ այդ գայթակղությանը՝ հասարակության մեջ լինել ոչ ընդունելի, մերժված, բայց դրանից քո պետական շահը չտուժի, քան հասարակությանը ականջահաճո բաներ ասել, բայց դրանից արդյունքում հասարակությունը քեզնից ընդհանրապես գլուխ թեքի և ընկնի այս վիճակի մեջ»:

Անդրադառնալով հանրային տրամադրություններին, նա հետևյալն ասաց. «Այսօր, ցավոք սրտի, հետադարձ կարծիքի միակ մեխանիզմը և հանրության տրամադրությունները չափելու միակ գործիքը ֆեյսբուքն է, բայց իմ կարծիքով՝ հանրության լայն շրջանակները դեռևս ամբողջապես չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակի մեջ ենք ընկել: Ցավոք, հանրության զգալի հատվածի մոտ Արցախը թիվ մեկ առաջնահերթություն ունեցող խնդիրը չէր»:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելքը էլիտա ձևավորելն է. «Եթե մեր երկրի ղեկավարը առաջնորդվում է Ֆեյսբուքի արձագանքներով և նայում է, որ իր էջը դիսլայք է արել 20 հազար մարդ ու դրանով է ասում, որ եթե մնացածը լայքած են պահում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, սա անթույլատրելի է: Բայց դա շնորհիվ նրա է, որ համապատասխան ճնշումը էլիտայի կողմից տեղի չի ունենում: Չկա ձևավորված էլիտան՝ որպես այդպիսին: Ինչ-որ փորձեր կան՝ համախմբվելու, փորձելու ստեղծել այդ էլիտան: Էլիտայի բացակայությունն է թույլ տալիս, որ իշխանության գա պոպուլիստական քաղաքական ուժը: 2018թ. էլիտայի բացակայության արդյունքում իշխանության եկավ այս պոպուլիստական քաղաքական ուժը»:

Հարցին՝ որպես պատմաբան այլ դիտանկյունից է դիտարկել տեղի ունեցածը՝ այն դավաճանությո՞ւն էր ազգի նկատմամբ, թե՞ ինչ, նա պատասխանեց. «Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփումներ ունենում, որոնք տարբեր էպիզոդներ են վկայակոչում. Եթե առանձին էպիզոդներից ելնելով ասեմ, ապա կարող եմ ասել, որ սա դավաճանություն էր, կարող եմ ասել, որ անկազմակերպվածության արդյունք էր: Նախ կա մեկ պատասխանատու, ինչքան էլ ուզում է նա տարբեր հանգամանքներ հիշատակի, երկու տասնամյակի չարածի հանգամանք հիշատակի, եթե դու վերցնում ես մի ամբողջ հանրապետություն կառավարելու պատասխաանտվություն, պետք է բոլոր հնարավոր սցենարները հաշվի առնել: Եթե մտնում ես նման պատասխանատվության տակ, ժողովրդին ասում ես՝ կգամ, ձեզ հետ կկիսվեմ ու դա չես անում, եթե դու գիտես, որ գնալու ես դա ստորագրելու, ապա պետք էր պարզապես ասել ժողովրդին: Հիմա ի՞նչ բնորոշում տանք այս ամենին՝ սա դավաճանություն էր, թե հանցավոր անփութություն, դրանից որևէ բան չի փոխվում, բայց մի բան հստակ է, որ չի՛ կարող կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը շարունակի գործել: Նորմալ քաղաքակիրթ երկրների պատմությունը որ նայում ենք՝ պատերազմներից հետո կապիտուլյացիա ստորագրած ղեկավարները միշտ էլ հրաժարական են տվել, իրավիճակը շտկելու հարցը այլ մարդկանց են թողել»:

Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ գործող իշխանությունը դեռ նոյեմբերի 10-ին պետք է հրաժարական տար. «Քանի որ շատ անորոշություններ կային այդ համաձայնագրի հետ կապված և դրանք այս կամ այն կերպ ի օգուտ կամ ի վնաս մեզ լուծելու հարցում կային որոշակի հնարավորություններ, ապա դրանցից ճիշտ օգտվող մարդիկ էին անհրաժեշտ: Մենք չենք տեսնում, որ այս իշխանությունները այդ հնարավորություններից օգտվելու ունակ մարդիկ են, հետևաբար, այդ հրաժարականը պետք էր շատ ավելի շուտ տալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս