
«Դեսպանատներին պետք է ցույց տանք, որ մենք չենք հանգստանալու և մեր տղաներին հետ ենք բերելու»․ Արմեն Գրիգորյան

«Եթե դուք ունեք ինչ-որ կարևոր ինֆորմացիա, ուզում եք իմանալ՝ դա ստույգ է, թե ոչ, ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է մեր գերիների և անհետ կորածների հարցով՝ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբն է, նրանք այսօր արդեն ունեն ահագին հաջողություններ, նրանք կազմում են ցուցակներ։ Եթե դուք կարող եք իրենց օգնել, ունեք ինչ-որ ինֆորմացիա, խնդրում եմ՝ դիմեք իրենց»,-ՌԴ դեսպանատան մոտ, դիմելով երթի մասնակիցներին, ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ արվեստի գործիչներ և քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ գերների և անհետ կորածների հարցի լուծման նպատակով։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ երթերն անհրաժեշտ են․ «Մենք այդքան նայիվ չենք, որ մտածենք, որ եթե երթ անենք, ադրբեջանցիները կհուզվեն և մեր տղաներին հետ կբերեն, այս երթերը անհրաժեշտ են նրա համար, որ դեսպանատներին ցույց տանք, որ մենք չենք հանգստանալու և մեր տղաներին հետ ենք բերելու։ Այս ֆոնի վրա ով որ պետք է՝ զբաղվում է ավելի կոնկրետ աշխատանքներով։ Հիմա այսպես է վիճակը, կառավարությունը չի զբաղվում, զբաղվում ենք ուրիշ տեղերով»։