«Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»․ Արտակ Զեյնալյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։

«Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Դրանք այն ենթադրյալ ռազմագերիներն են, որոնց հարազատներն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել ու ճանաչել են նրանց եւ լիազորել են, որ իրենց շահերը ներկայացվեն ՄԻԵԴ-ում։

Հարցին, թե վստա՞հ են, որ այդ զինվորներն ու կամավորները ողջ են, պրն Զեյնալյանը պատասխանեց․ «Դե, մի մասի վերաբերյալ ստացել ենք հավաստիացում, նրանց հնարավորություն է տրվել զանգել ընտանիքի անդամներին, մի մասի վերաբերյալ Կարմիր խաչից ունենք տվյալներ, մյուս մասի վերաբերյալ սպասում ենք, որ Ադրբեջանը պատասխանի Եվրոպական դատարանին»։ Իսկ Ադրբեջանը, որպես կանոն, պատասխանում է, թե լավ են վերաբերվում ռազմագերիներին։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ ՀՀ շարքային քաղաքացուն հասանելի են ռազմագերիների կամ գերիների գլխատման, խոշտանգման տվյալներ։ Արցախի ՄԻՊ-ը, օրինակ, հաղորդել էր Տող գյուղում քաղաքացիական անձի գլխատման մասին։ Արտակ Զեյնալյանն ասում է՝ ունեն փաստեր, որ ռազմագերիներից շատերը խոշտանգվել են։ Հարցին, թե ինչ հոգեբանական վիճակում են գերեվարվածների հարազատները, նա արձագանքեց՝ ավելի լավ, քան անհայտ կորածներինը։

«Իրավական ուղի» կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը մեզ տեղեկացրեց, որ անհապաղ միջոցների կիրառման վերաբերյալ դիմումների մի մասը բավարարվել է։ «Իսկ այն, որ մի մասը բավարարված չէ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկու օրերին ենք ներկայացրել, սպասում ենք դատարանի արձագանքին»։

Հարցին, թե ինչ հույսեր կան, որ ռազմագերիները կվերադարձվեն ոչ հաշմված, ողջ-առողջ, պատասխանեց․ «Նախ, առաջինը, որ իրավական մակարդակում կան պաշտպանության երաշխիքներ, ռազմագերիներն ու գերիները համարվում են հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք, եւ նրանց խոշտանգելը կամ կյանքի դեմ ոտնձգելը համարվում է պատերազմական հանցագործություն։ Պատերազմական հանցագործությունների համար գործում է ունիվերսալ յուրիսդիկցիա, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ու պարտականություն ունի հետաքննել եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Նաեւ՝ այդ հանցագործությունների կատարման համար վաղեմության ժամկետներ չեն գործում եւ այլն»։ Իսկ որտե՞ղ են ռազմագերիներն ու գերիները՝ Բաքվո՞ւմ, իրենց վերահսկողության տակ անցած շրջաններո՞ւմ։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, նախ՝ այս մասին տեղեկությունը հրապարակայնացման ենթակա չէ, եւ երկրորդ՝ այնպես չէ, որ բոլորի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ունեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս