Բաժիններ՝

«Բոքոնիկը» կրկին ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երկրորդ հորիզոնականում է Գրիմ եղբայրների «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, տնից դուրս գալով, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Օգտվելով հարմար առիթից՝ գայլը թակում է այծի տան դուռն ու խաբում, որ նրանց մայրն է: Խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Երրորդ հորիզոնականում է Աթաբեկ Խնկոյանի «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Ով է ապրում տնակում» հեքիաթը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Վեցերորդ հորիզոնականում է Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից» վիպակների ժողովածուն: Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում Աստրիդ Լինդգրենը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղ կերակուրները, առասպելներն ու սովորույթները:

Յոթերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ութերորդ հորիզոնականում է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Տասներորդ հորիզոնականը զբաղեցնում է Կլոդ Ռուայի «Բաղձալի Բարովեկածը»: Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30