
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին․ Քլեր Մեյթրոն ներկայացրել է իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:
Նա մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Փաշինյանը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Քլեր Մեյթրոն մանրամասն ներկայացրել է իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: