«Ունենք դառը ճշմարտություն, թուրքը եկել է այստեղ՝ մեր քթի տակ, ու դա չենք կարող թաքցնել». Թագուհի Թովմասյան
«Այս ամեն ինչի մեջ ինձ համար ամենատարօրինակը պաշտոնական հերքումներն էին, ի՞նչն էիք հերքում, 44 օր հերքեցիք, ասացիք՝ հաղթելու ենք, բայց պարտվեցինք խայտառակ ձևով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սոթք ժամանած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ Սոթք մուտք գործած ադրբեջանցիների մասին լուրերին և դրանց հերքմանը՝ ՊՆ-ի և վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով:
Պատգամավորի խոսքով՝ պետք չէ ամեն ինչ հերքել, այլ պետք է նայել մարդկանց աչքերի մեջ և ասել ճշմարտությունը.
«Ունենք դառը ճշմարտություն, թուրքը եկել է այստեղ՝ մեր քթի տակ, ու դա չենք կարող մենք թաքցնել…»:
Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկություն ունե՞ք, դեռ որքան է փակ մնալու հանք տանող ճանապարհը և սահմանային ճշգրտման աշխատանքները ինչքա՞ն են տևելու, պատգամավորը պատասխանեց, որ կապվել է բոլոր պետական մարմինների հետ, և, որ մի քանի օրվա ընթացքում ամբողջ հարցը կկարգավորվի:
«Հիմա կատարվում են սահմանազատման աշխատանքներ, որոնք ոչ միայն Սոթքի հանքավայրի տարածքով պիտի անցնեն, այլ պետք է շարունակվեն, ենթադրում եմ՝ մենք առաջիկայում էլի ենք խնդիր ունենալու, որովհետև այն հատվածները, որոնք շարունակվում են և գնում են, մինչև Ջերմուկի հատված են հասնում, այդ մեր սարերում էլ մենք էլի խնդիր ենք ունենալու, որովհետև մենք դարձյալ դիրքավորվել ենք մեր պատկերացրածով, մեր պատկերացումներն ու Ադրբեջանի պատկերացումներն էլ չեն համապատասխանում իրար, և հիմա պետք է նստեն ընդհանուր սեղանի շուրջ ու շարունակեն հասկանալ, թե ինչպես են կիսում սահմանը»,- ասաց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ հայկական բանակը պետք է երաշխավորի բոլորիս անվտանգությունը.
«Պետք է դիրքավորվեն այնպիսի նպաստավոր դիրքերում, որ մենք կարողանանք մեզ պաշտպանել: Իհարկե, աշխարհագրական իմաստով մենք կորցրել ենք ամենակարևոր նշանակություն ունեցող Քարվաճառի շրջանը, որն իսկապես մեզ համար անվտանգության բուֆերային զոնա էր, և մենք իսկապես հանգիստ քնում էինք Վարդենիսում և հարակից շրջաններում: Հիմա այդ խնդիրն առաջացել է և հիմա պետք է հասկանանք՝ ինչ ծավալով են մեր անվտանգությունը կարողանալու պաշտպանել հայկական բանակի ներկայացուցիչները, և ինչ է լինելու առաջիկայում՝ հրադադարի պահպանումը իսկապես կպահպանվի՞, թե՞ փխրուն հրադադար կլինի, ու մենք նորից պետք է շարունակենք մեր պայքարը, սա ապագան ցույց կտա»:
Դիտարկմանը, որ նշված վայրում ադրբեջանական բանակի 700 զինծառայող է տեղակայված, մինչդեռ հայկական կողմից ընդամենը 7-8 զինծառայող է, Թագուհի Թովմասյանն ասաց.
«Ցավոք սրտի մեր բանակը գտնվում է, մեղմ ասած, ծանր վիճակում, մենք ունենք սարսափելի մեծ կորուստներ և համալրման խնդիր այս պահին: Մեր բանակը պետք է իր մեջքն ուղղի, ու հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք»: