Մահացել է Զավեն Աբրահամյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պատանի հանդիսատեսի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների դերասան Զավեն Աբրահամյանը:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 13-ին Երևանում: Հիմնականում աշխատելով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ նա երաժշտական կոմեդիայի թատրոն է գնացել որպես կազմակերպված ու արդեն կայացած դերասան և անմիջապես ընդգրկվել ներկայացումներում:
«Հետաքրքիր դերասան է նա. հանդարտ է, կշռադատված, մտածող, խոհական, չափազանց երաժշտական, ուրեմն և երջանիկ ճակատագիր պիտի սպասվեր նրան այս թատրոնում` գլխին թափվող դերերի «անձրև» »,-ասվում է Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կայքէջում:
Այս թատրոնում Աբրահամյանը խաղացել է «Սեր, մինչ ի մահ», «Հյուրանոցի տիրուհին», «Խանումի արարքները», «Խելահեղ օր», «Քաջ Նազարի վերջին օրը», «Տեր, մի թող մեզ անտեր», «Խաթաբալա», «Տասներկուերորդ գիշեր» և այլ ներկայացումներում, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Մանչուկն ու Կառլոսը», «Եղիցի Երկիր», «Տեր, մի թող մեզ անտեր», «Ես մարդ եմ», «Ատամնաբույժն արևելյան», «Ոչինչից մեծ աղմուկ» բեմադրություններում: