Սոթքի ճակատագիրը՝ օդից կախված․ տնտեսական և սոցիալական ծանր հետևանքները
Մինչ պատերազմի խայտառակ ավարտից հետո Հայաստանի իշխանությունները մտածում են իրենց աթոռներն ամեն գնով պահելու մասին՝ Ադրբեջանն աստիճանաբար մտնում է Հայաստան։ Քարվաճառը հանձնելուց հետո, այսօր դեռևս առավոտյան լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մուտք են գործել Սոթքի հանքավայրի տարածք։
Լրատվամիջոցների հաղորդման համաձայն, ադրբեջանական զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, իսրայելական զրահամեքենաներով մտել են հանքի տարածք և պահանջել հեռանալ այնտեղ գտնվող հայկական ժամկետային զինծառայողներին։ Զինծառայողները փորձել են կապվել տարբեր պատասխանատուների հետ, բայց որևէ մեկը չի արձագանքել։
Եկել է հանքի տնօրինությունը, փորձել կապվել պատկան մարմինների հետ ու կրկին ապարդյուն։
Սոթքի հանքավայրի տարածք ադրբեջական զինվորների մտնելու վերաբերյալ այս տեղեկատվությունը թեև փորձեց հերքել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, այնուհանդերձ պարզվեց, նրա ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեին։ Սոթքի հանքի տարածքում ադրբեջանական զինվորների հայտնվելու փաստը 168.am-ի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:
Իրականությունն այն է, որ այս պահին էլ հանքի ճակատագիրը մնում է օդից կախված։
Այնպիսի տպավորություն է, որ պետական որևէ մարմին չգիտի, թե ինչ է սպասվում։ Եվ սա այն պարագայում, որ հանքի հետ կապված խնդիրների մասին հայտնի էր դեռ մի քանի օր առաջ, երբ պարզվեց, որ Հայաստանը հանձնում է Քարվաճառը։ Այդ հարցը անցած շաբաթ կառավարության հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց նաև Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Երբ Քարվաճառի շրջանն ամբողջությամբ լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, խնդիր է առաջանալու Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով։ Ես կուզեի հետաքրքրվել՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում հանքին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ։ Հարցը տալիս եմ, քանի որ հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- դիմելով կառավարությանը՝ հարց հնչեցրեց Ազգային ժողովի պատգամավորը։
Այն ժամանակ կառավարություն կազմում որևէ կոմպետենտ մարդ չգտնվեց՝ հարցին պատասխանելու համար։
Հաշվի առնելով խնդիրի կարևորությունը, թվում էր, թե այս ընթացքում կառավարությունը պատշաճ ուշադրության կդարձնի բարձրացված հարցին։ Բայց պարզվում է, այդպես չէ, այլապես այսօր նման փաստի առաջ չէինք կանգնի։
Խնդիրն այն է, որ Քարվաճառը հանձնելուց հետո Սոթքի հանքի մի մասը մնում է ադրբեջանական տարածքում։ Ընդ որում, մեծ մասը։ Դա նշանակում է, որ հանքի հետագա շահագործումը, որն իրականացնում է ռուսական կապիտալով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հայտնվում է հարցականի տակ։
Հանքի գործունեությունը դադարեցված է դեռևս պատերազմի առաջին օրվանից։ Հաշվի առնելով ռազմական գործողություններին մոտ լինելը և ի հայտ եկած վտանգները, այն ժամանակ հանքի ղեկավարությունը որոշել էր ժամանակավորապես կանգնեցնել աշխատանքները։ Հիմա արդեն այն կարող է ընդմիշտ դադարեցնել աշխատանքը։
Թե դա ինչ է նշանակում Հայաստանի տնտեսության համար, դժվար չէ պատկերացնել։
Հանքի շահագործման դադարեցում ենթադրում է, որ կդադարի գործել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Սա մի ընկերություն է, որը շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը՝ ստանալով տարեկան շուրջ 4 տոննա ոսկի։
Խնդիրը, սակայն, միայն Սոթքի հանքի գործունեության դադարեցումը չէ։ Եթե կանգնի հանքի աշխատանքը, կդադարի նաև Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը։
Ինչպես հայտնի է, հանքաքարը երկաթուղով տեղափոխվում է Արարատ, որտեղ էլ իրականացվում դրա մշակումն ու ոսկու կորզումը։ Եթե հանքը կանգնի, կկանգնի նաև ոսկու կորզման գործարանը։
Սոթքի կորուստը լուրջ կորուստներ կառաջացնի նաև հայկական երկաթուղու համար, որն իրականացնում է հանքաքարի տեղափոխումը։ Հանքավայրից Արարատի ոսկու կորզման գործարան հանքաքարի տեղափոխումն ապահովում է Հարավկովկասյան երկաթուղու շրջանառության շուրջ կեսը։ Եթե հանքը կանգնի՝ մեծ վնասներ կհասցնի նաև երկաթուղուն։ Դրա հետևանքով կարող են պարապուրդում հայտնվել նաև երկաթուղու բազմաթիվ աշխատողներ, ովքեր պարզապես անելիք չեն ունենա։
Սրանք իրար հետ կապված պրոցեսներ են, որոնց հետևանքները իսկապես կարող են ցավոտ լինել մեր տնտեսության համար։ Եվ ոչ միայն տնտեսության համար։
«Գեոպրոմայինգ Գոլդը» Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, որը բավական մեծ գումարներ է գեներացնում պետական բյուջե։ Տարեկան կտրվածքով բյուջեի նկատմամբ ընկերության կատարած հարկային պարտավորությունները հասնում են միլիարդավոր դրամների։
Մասնավորապես անցած տարի ընկերությունը պետական բյուջե էր վճարել ավելի քան 13,6 մլրդ դրամ։ Այս տարվա առաջին 9 ամիսներին «Գեոպրոմայինգ Գոլդի» կատարած հարկային պարտավորություններն արդեն անցնում են 16,2 միլիարդից։
Որպեսզի ավելի պարզ լինի, նշենք, որ այն համարժեք է 33 մլն դոլարի։ Դա այն գումարն է, որը ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 9 ամսվա ընթացքում։
Սոթքի հանքի կորուստը ոչ միայն տնտեսական ու ֆինանսական, այլև լուրջ սոցիալական խնդիր է Հայաստանի համար։ Դրա շահագործման արդյունքում ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր։ Ոչ միայն հանքում և Արարատի ոսկու կորզման գործարանում, այլև հարակից այլ ոլորտներում։
Հանքի շահագործման դադարեցումով առնվազն մի քանի հարյուր, եթե ոչ հազար մարդ կորցնելու է աշխատանքը։ Այսօրվա սոցիալական առանց այն էլ ծանր պայմաններում, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ է նշանակում հատկապես Վարդենիսի տարածաշրջանի բնակչության համար, որոնք առանց այդ էլ աշխատանքի շատ քիչ տեղեր ու հնարավորություններ ունեն։
Թե այսքանից հետո ի՞նչ է մտածում կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանըի գլխավորությամբ, պարզ չէ։ Մինչ հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի իշխանություններն, իրենց անելիքը չիմանալով, անկյուն են քշվել, թշնամին աստիճանաբար մտնում է մեր տուն։
Մինչև ո՞ւր կհասնի այս ամենը, առայժմ ոչ մեկը չգիտի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ