«Դա անբարոյական հայտարարություն է». Արթուր Ղազինյանը՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարության մասին
Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Լենա Նազարյանը անդրադարձավ իշխանության հասցեին հնչեցվող «դավաճան» որակմանը:
«Դավաճանության բարոյական տիրույթում մեղադրանքները սուբյեկտիվ են։ Իրավական մակարդակում դավաճան է այն անձը, որն անցել է թշնամու կողմը, լրտեսել է պետության դեմ, պետական գաղտնիք է հայտնել օտար պետությանը։ Այդ գործողություններից ո՞րն է արել կառավարությունը կամ վարչապետը»,- ասաց Լենա Նազարյանը։
«Իսկ հող հանձնե՞լը»՝ հաղորդման հեղինակի հարցին Նազարյանը պատասխանեց. «Ո՞վ է հող հանձնել։ Տարածքները կորսվել են կռվի դաշտում։ Պատերազմ է եղել»։
Կառավարության ներկայացուցիչ, ԱԳՆ նորանշանակ նախարար Արա Այվազյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում… դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նախ մեկնաբանեց Լենա Նազարյանի հնչեցրած տեսակետը:
Տպավորություն է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի պատասխանատվությունը փորձ է արվում բարդել բանակի վրա:
«Նախ, առաջին սուբյեկտի մասով, թերևս, կլռեմ, որովհետև տիկինը, չգիտեմ, թե իրականում ինչպիսի մասնագիտություն ունի, համենայն դեպս, խորհուրդ կտամ մտքեր չարտահայտել ՀՀ ՔՕ-ի և իրավագիտության վերաբերյալ առհասարակ: Իրավագիտությունը չափից դուրս լուրջ գիտություն է, որպեսզի նման մարդիկ խոսեն իրավագիտության մասին: Դա կորոշի վարույթն իրականացնող մարմինը, դա կորոշի մեղադրանք առաջադրող և դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազությունը՝ դավաճանության մասշտաբի, ծավալի, խորության և դրա հետևանքների վերաբերյալ»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, ապա, ըստ Ղազինյանի.
«Դա անբարոյական հայտարարություն է, որովհետև ռազմի դաշտում մեր զինվորները պայքարել են իրենց կյանքի գնով, մարտերը մղել են գերծանր պայմաններում՝ դիմագրավելով թուրք-ադրբեջանական և ահաբեկչական խմբավորումների դեմ, և կարողացել են կատարել իրենց մասով, իրենց առջև դրված մարտական առաջադրանքը՝ պահպանել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հիմնական մասը: Խոսքը գնում է հատկապես մինչև հոկտեմբերի երկրորդ կեսն ընկած ժամանակահատվածի մասին, դրանից հետո այլևս խնդիրը տեղափոխվել է ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դաշտ, առավել ևս՝ ռազմական դիվանագիտության և ռազմական քաղաքականության գործիքակազմով պատերազմը կանգնեցնելու և ապա դաշնակիցների հետ լուրջ, սոլիդ, կանխատեսելի և վստահելի համագործակցության արդյունքում ձևավորել ռազմաճակատում դաշնակցային ֆորմատ՝ ՀՀ և Արցախի հանրապետության ազգային և պետական շահը առավելագույնս պաշտպանելու նպատակով»:
Արթուր Ղազինյանը նաև խոսեց նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում գերիների վերադարձի հարցը առանց ժամկետները նշելու հանգամանքին: Ասաց, թե ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը պետք է բերվեր առաջին հորիզոնական:
«Դա ևս հայկական դիվանագիտության և քաղաքական ղեկավարության լրջագույն բացթողումն է: Իր համար միգուցե կարևոր չի եղել գերիների վերադարձը և անհետ կորածներին գտնելու հարցը: Այլապես որևէ տրամաբանություն չկա այդ հարցի ժամկետը չնշելու, հատկապես, երբ դա հայ հասարակությանը այսօր հուզող երևի թե ամենակարևոր հարցն է»,- շեշտեց Արթուր Ղազինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: