«Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել». Արա Այվազյան

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը կրում է պատասխանատվություն փաստաթղթի համար, ասաց. «Նոր պարոն վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմ և պատերազմից հետո»:

«Այսինքն՝ ձախողվա՞ծ փաստաթուղթ է»՝ լրագրողի դիտարկմանը նորանշանակ նախարարն արձագանքեց. «Դա ձեր որակումն է»:

Ւ պատասխան հարցին, թե ձեր որակումն ինչպիսի՞ն է, նշեց. «Ես չեմ մեկնաբանում, նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում: Հիմա ամբողջ մեր խնդիրը՝ անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»:

Հարցին էլ, թե դիվանագիտության մեջ մենք ձախողում ունեցե՞լ ենք, պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Անդրադառնալով իր անվան հետ կապվող հրապարակումներին՝ Արա Այվազյանը վստահեցրեց՝ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է. «Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ և առաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է, բոլորիս պարտքը։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, մեր պարտքն է՝ անել հնարավորինը, և արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առջև»:

Հարցին, թե ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նախարարը պատասխանեց. «Դրականը, որ պատերազմը կանգնեցվեց»։

Տեսանյութեր

Լրահոս