«Երեկվանից չունենք ծանր վիճակում քաղաքացիներ, որոնց չենք կարողանում հիվանդանոցում տեղավորել». Արսեն Թորոսյան
Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դիմեց հարցով, թե ի՞նչ վիճակ ունենք այս պահին՝ կապված կորոնավիրուսի հետ:
«Այսօր ունենք 1785 նոր դեպք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն էլ ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք, մի փոքր բարելավված, եթե համեմատենք 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել, այսինքն՝ բոլորին տեղավորում ենք: Հույս ունենք, որ այս իրավիճակն առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի, իհարկե, մեր բոլորի, մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նշեց նաև, որ հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, քանի որ կան կանխատեսումներ՝ կորոնավիրուսի նորից ակտիվանալու մասին:
«Մտածում ենք արդեն ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին: Հիմա էլ քնարկումներ են գնում համաշխարհային ակադեմիական շրջանակներում, որ, այո, հնարավոր է նորից անկում, բայց կրկին աճ՝ երկու-երեք ամիս ինտերվալով: Ամեն դեպքում համակարգը մնում է միշտ պատրաստ իր առջև դրված խնդիրը կատարելու համար»,- ասաց նախարարը: