«Ունենք 550 կմ կառուցած ճանապարհ». Սուրեն Պապիկյան

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց կատարված կապիտալ ծախսերի մասին:

«Մեր մոտ էդ կապիտալ ծախսերի պրոցեսը ի՞նչ վիճակում է, տեղի է ունենո՞ւմ, ինչ-որ բան կատարվո՞ւմ է այդ ոլորտում»,- հարցրեց Փաշինյանը:

ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ կորոնավիրուսն ու պատերազմն ազդել են շինարարության ոլորտի վրա:

«Ինչպես և ամբողջ տարվա ընթացքում, մենք ունենք մեր ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ և վարկային միջոցների որոշակի խնդրահարույց հարցեր՝ պայմանավորված քովիդով և նաև վերջին շրջանում պատերազմական իրավիճակով: Պատերազմական իրավիճակն ազդել է նաև ընթացիկ այլ ուղղությունների շինարարության վրա, բայց այնուամենայնիվ պետք է նշեմ, որ կարողացել ենք ապահովել այն վայրերում, որտեղ ճանապարհների ինտենսիվությունը գոնե թույլ է տվել շինարարությունը շարունակել: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները լայն թափով: Այս պահին հանրապետական, միջպետական նշանակության, նաև տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ ունենք կառուցած, խոսքն արդեն ավարտված  ասֆալտապատման աշխատանքների մասին է»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետի հարցին, թե՝ այսինքն իրենց նախանշած պլանն արդեն կատարվե՞լ է, Պապիկյանն արձագանքեց, որ, եթե ներառեն նաև սուբվենցիոն ծրագրերը, ապա այո:

Տեսանյութեր

Լրահոս