10 մլն դոլարով Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. գործադիրը նախագիծը հաստատեց
Այսօր Կառավարության որոշմամբ հավանություն տրվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում իրականացնել:
««Հայկ-88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում գտնվող 2774.1քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016.0քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ ձևակերպել կառուցապատման իրավունքով: Ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որը իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին:
Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման ապահովման, լուսավորություն և այլ աշխատանքների իրականացմանը»,- ասաց Պապիկյանը:
ՏԿԵ նախարարը նաև նշեց, որ քննարկվող տարածքն այժմ գտնվում է ոչ բարեկարգ վիճակում: