Ալիևն իրականացրել է Փաշինյանի երազանքը. ի՞նչ է արել ինքը՝ Փաշինյանը
Այսօր ադրբեջանական իշխանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ հիշեցնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաշինյանական տարբերակը՝ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և շեշտում, թե Ալիևը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ, իրականացրել է Նիկոլ Փաշինյանի երազանքը:
Բնականաբար, ադրբեջանական կողմն իր բացատրությունն ունի, թե ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները որքանով և ինչ ձևով «շահած» դուրս եկան փաշինյանական կամ նրա ձեռքով իրականացված նախագծից, որի վրա կանգ չենք առնի: Մյուս կողմից, Փաշինյանն ինքը «ադրբեջանական գծի» մեջ շարունակում է ապացուցել, որ իր առաջարկած կարգավորումից շահել է նաև ՀՀ-ի և Արցախի ժողովուրդը:
Ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա վստահեցրել է, թե «հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»:
Ավելին, ТАСС-ի հարցին՝ Դուք ակնկալո՞ւմ եք փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում, Փաշինյանը պատասխանել է. «Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ»:
Ի դեպ, երբ ժամանակին խոսվում էր Փաշինյանի իշխանության կողմից հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտի ստեղծելուն ուղղված թաքուն քայլերի մասին, իշխանությունում այդ մարդկանց դավադրության մեջ էին մեղադրում: Հիմա Փաշինյանը հաստատում է, որ նման մտադրություն եղել է ամեն դեպքում:
Այս և այլ փաստեր հաշվի առնելով՝ վստահաբար կարող ենք ասել, որ ոչ միայն Իլհամ Ալիևն է իրականացրել Փաշինյանի երազանքը, այլ Փաշինյանն է կատարել Ալիևի բաղձալի ցանկությունները.
Առաջին- Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է հասնել ՄԽ-ի ֆորմատի փոփոխության, բայց չի հաջողվել, և նա ստիպված է եղել համակերպվել ԼՂ խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում:
Հայկական կողմն էլ, որ հանկարծ ադրբեջանական կողմի ջրաղացին ջուր չլցնի, ըստ էության, ըմբռնումով է մոտեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անատամ հայտարարություններին: Չենք բողոքել, որ տպավորություն չստեղծվի, թե մենք էլ ենք դժգոհ համանախագահների աշխատանքից, որ սա Ադրբեջանը չօգտագործի իր օգտին: Բայց արի ու տես, Փաշինյանն Ալիևից «ուժեղ» գտնվեց և կարողացավ շատ արագ ԼՂ հարցը դուրս բերել ՄԽ խմբի շրջանակից և ստեղծել նոր ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, ես կասեի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա:
Այո, Թուրքիան, ըստ էության, մասնակցություն ունեցավ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին՝ ռազմական և ոչ ռազմական մակարդակով: Սրան ևս Ադրբեջանին չէր հաջողվում ավելի քան քսան տարի հասնել:
Երկրորդ- Ղարաբաղի հարցը վերջնագծին հասավ ռազմական ճանապարհով, եթե հաշվի չառնենք առանց մարտի տարածքների հանձնման փաստերը:
Երրորդ- ԼՂ խնդիրը ռազմաբանակցային ճանապարհով լուծվեց բացառապես հօգուտ Ադրբեջանի:
Չորրորդ- Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցային սեղան, ինչպես ցանկանում էր Ադրբեջանը: Եվ այն գործնականում որակավորվեց՝ որպես հայ-թուրքական հակամարտություն:
Հինգերորդ– Արցախի կարգավիճակի հարցը դադարեց լինել ԼՂ խնդրի վերջնական լուծման խոչընդոտ, կամ բացառապես հօգուտ Ադրբեջանի խնդրի կարգավորումը կանգնեցնող հանգամանք:
Հինգերորդ- Չնայած Արցախում ռուս խաղաղապահներ են, բայց Թուրքիան ինչ-որ ներկայության կարողացավ հասնել՝ ՌԴ-ի հետ մոնիտորինգային առաքելության իրավունք վաստակելով: