«Սրանք փողոցից եկած և իշխանական կաբինետները զավթած շարքային ավանտյուրիստներ են». Արթուր Վանեցյան

«Նիկոլ Փաշինյանը մի շատ «լավ» հատկություն ունի, նա իր պաշտոնավարման ընթացքում, բազմիցս, հրապարակային, տվել է ապօրինի հրահանգներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե բացի նախորդ տարի Իջևանում տեղի ունեցած բախումների ժամանակ վարչապետի կողմից տրված ապօրինի հրահանգներից, ապօրինի ի՞նչ այլ հրահանգներ են եղել:

Արթուր Վանեցյանը նման հրապարակային կերպով ապօրինի հրահանգների մի քանի օրինակներ բերեց.

«Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին՝ գնա, գազալցակայններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է: Եթե Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է, որ ԱԱԾ-ն, նրա փոխարեն, որ զբաղվի մեր ազգային անվտանգության սպառնալիքներով, որը բերեց մեզ հասցրեց այս արհավիրքին․․. գոնե ինֆորմացիա ստանային, որ բարյաքթարներն արդեն սկսել են կիրառել, և ինչ է պետք անել, որ բարյաքթարների դեմն առնեն, դրա փոխարեն՝ հանձնարարում է՝ գնացեք, սատանա բռնեք, հետո էլ լկտիաբար, իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ, հարցնում է՝ ի՞նչ եղավ, սատանային բռնեցի՞ք, թե՞ չբռնեցիք, վարչապետի հանձնարարական կատարեցի՞ք: Այսինքն՝ ի՞նչ է անում, նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը, նվաստացնում, փոքրացնում, իջեցնում: Պետական կառավարման համակարգը քանդել է հիմնահատակ: Մեր գերեվարված և անհետ կորած զինվորների հարցով խի՞ չեն կարողանում զբաղվել, որովհետև չկա պետական համակարգ, իրենք չգիտեն՝ ոնց զբաղվեն, չեն իմանում՝ այս մարդիկ ո՞նց զբաղվեն, ո՞նց գտնեն: Ես չեմ ասում՝ չեն ուզում, չեմ ուզում մտածել, որ իրենք չեն ուզում, ես կարծում եմ, որ իրենք ուղղակի անկարող են, չեն կարող, իրենք մի բան են կարող՝ փորձում են պայքարել իրեն իշխանությունը պահելու համար, և վերջ, նրանք ուրիշ նպատակ չունեն»:

Ինչ վերաբերում է առհասարակ ապօրինի հանձնարարություններին, Վանեցյանն ընդգծեց, որ ինքը զերծ է մնացել դրանք կատարելուց, ինչպես նաև ողջ համակարգն է զերծ պահել և իր հրաժարականի տեքստում հստակ նշել է համակարգից հեռանալու պատճառը:

«Դա է եղել պատճառը, որ ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Շատ լավ հիշում եք բոլորդ, թե ինչ հեղինակություն ունեի իշխանության մեջ, ժողովրդի մեջ, ինչ դեր էի զբաղեցնում, և մի օր հանկարծակի Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարականի դիմում՝ հասկանալով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու պարագայում, եթե չբարձրաձայնեի, թե ինչու էի ես գնում՝ այս երկրում էլի մնալու էի շատ հանգիստ և կոմֆորտ զոնայում ապրելով, բայց ես հայտարարեցի և քաշվեցի մի կողմ: Բավականին երկար ժամանակ քաղաքականությամբ զբաղվելու մասին չեմ խոսել, ասել եմ՝ տղերք, թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլ, կանգ առեք, երկիրը դրեք ճիշտ ուղու վրա և զարգացրեք: Ի՞նչ են արել իրենք՝ ավելի խորացրին ճգնաժամը, ավելի քանդեցին երկիրը: ԱԱԾ, ոստիկանություն, Պաշտպանության նախարարություն, բոլոր ուժային կառույցները, այն պետականամետ մտածող մարդկանց և համակարգերը թուլացրին, որպեսզի կարողանան կյանքի կոչել այս իրենց դավաճանական պլանը: Վերջ, ուրիշ ոչ մի բան չկա, շատ պարզ է ամեն ինչ, այս մարդիկ պետության և պետականության հետ կապ չունեն, սրանք փողոցից եկած և իշխանական կաբինետները զավթած շարքային ավանտյուրիստներ են: Մի օր առավոտյան հանրությունն արթնանալու է և հասկանալու է, որ սխալվել է…»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս