Փորձագետները պարզել են, թե ռուսաստանցիները որ գնումներն են թողնում «սև ուրբաթին»
Ռուսաստանցիներին ամենից շատ «սեւ ուրբաթին» հետաքրքրում է էլեկտրոնիկան, համակարգչային եւ կենցաղային տեխնիկան: Այդ մասին ասվում է «Յանդեքս.Մարկետ» առցանց-ծառայության հետազոտության մեջ, որի արդյունքներն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ծառայության փորձագետներն ուսումնասիրել են անցյալ տարվա «սեւ ուրբաթի» սպառողական հարցումը: Հետազոտության մեջ օգտագործվել են 2019 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում ինտերնետ-խանութների օգտատերերի պատվերների վերաբերյալ ծառայության տվյալները:
«Ավանդաբար ամենից շատ ռուսաստանցիները «սեւ ուրբաթին» հետաքրքրվում են էլեկտրոնիկայով: Անցյալ տարի կատեգորիայի նկատմամբ հետաքրքրության բարձրակետը եղել է նոյեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 22-ից պահանջարկն աճել է գրեթե 40 տոկոսով: Ամենից շատ «Յանդեքս.Մարկետ»-ի օգտատերերը փնտրել են հեռուստացույցներ, շարժական հեռախոսներ, ականջակալներ ու խելացի ժամացույցներ»,-ճշտվում է հետազոտության մեջ:
Ինչպես նշում են փորձագետները, շատերը թանկարժեք տեխնիկայի գնումը հատկապես հետաձգում են սպառավաճառքի սեզոնին: Ընդ որում, միշտ չէ, որ գաջեթներն իրենց համար են պատվիրում. շատերը սկսում են նվերներ գնել Ամանորի կապակցությամբ: Բացի այդ, ըստ ծառայության տվյալների, ռուսաստանցիները հաճախ «սեւ ուրբաթին» են թողնում համակարգչային տեխնիկայի գնումը:
«Հիմնականում նրանք հետաքրքրվում են նոութբուքերով եւ համալրող մասերով՝ վիդեոքարտերով, պրոցեսորներով: Այսպես, անցյալ տարի օգտատերերը պատրաստ են եղել ծախսել միջին հաշվով 54 հազար ռուբլի՝ նոութբուքի համար եւ 7,9 հազար ռուբլի՝ համալրող մասերի համար»,-ընդգծում են ծառայության վերլուծաբանները: Բացի էլեկտրոնիկայից, ռուսաստանցիների շրջանում տարածում է գտել կենցաղային տեխնիկան:
Անցյալ տարի պահանջարկն աճել է 38 տոկոսով, սպառավաճառքների ժամանակ ավելի ակտիվորեն հետաքրքրվել են միկոալիքային ջեռոցներով եւ ռոբոտ-փոշեծծիչներով: Աճում է նաեւ գեղեցկության համար ապրանքների պահանջարկը: Անցյալ տարի նոյեմբերի 22-ից մինչեւ 29-ը այս կատեգորիայի պատվերների թվաքանակն աճել է 1,5 անգամ: