«Նոյեմբերի 10-ի խուլիգանական արարքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանում աշխատող մարդիկ». Լևոն Զաքարյան
Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն իր ելույթում ասաց, որ նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
«Մենք կրում ենք քաղաքական պատասխանատվություն, և ես ինքս ընդունում եմ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը, դրա կրողներից մեկն եմ: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ, ցավոք սրտի, նոյեմբերի 10-ի խուլիգանական արարքներին մասնակցել են նաև մարդիկ, ովքեր աշխատում են Երևանի քաղաքապետարանում՝ ծածուկ, գլխարկները գլխներին: Անուններ չեմ հնչեցնի, այդ մարդկանց մենք դեռ կանդրադառնանք: Տղերք, դուք, մեղմ ասած, սովորական խուլիգաններ եք, և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու: Ինչ վերաբերում է մեզ, եթե ժողովուրդը կպահանջի, այդ պահանջը կլինի ակտուալ և կոնկրետ, ապա ոչ մեկն այս իշխանություններից՝ քաղաքային և ընդհանրապես, կառչած չի ոչնչից»,- ասաց Լևոն Զաքարյանը:
Ելույթի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամն անդրադարձավ քաղաքի այլ խնդիրներին, մասնավորապես, որ իրենց դիմել են Բագրատունյաց փողոցի բնակիչները և ասել, որ փողոցի վրա՝ Երևան սիթի սուպերմարկետի հարևանությամբ գործում է վերգետնյա անցում, որը կառուցվել է օրենքների խախտմամբ: Խնդրել են ապամոնտաժել: Զաքարյանն անդրադարձավ նաև քաղաքի գիշերային լուսավորությանը, որն իր խոսքով և ըստ ահազանգերի՝ վատ վիճակում է: