
«Անհետ կորած զինծառայողների 25 ծնողներ այսօր կհանդիպեն վարչապետի հետ». Նաիրի Սարգսյան

Այսօր Պաշտպանության նախարարության առջև հավաքված անհետ կորածների ազգականներին հանդիպելու էր եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա նախարարությունում տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողներին հայտնեց, որ գնում են վարչապետի հետ հանդիպման:
«Ծնողներից 25 հոգի հիմա իջնում են վարչապետի հետ հանդիպման: Մնացածի հետ՝ աստիճանաբար: Մեր դահլիճում հնարավոր չէ ավելի շատ մարդ տեղավորել: Ամենօրյա ռեժիմով կհանդիպենք: Առաջին հանդիպումը կլինի այսօր ժամը 19:30-ին, Կառավարության նիստերի դահլիճում»,- ասաց Սարգսյանը:
168.am-ի հարցին, թե հանդիպմանը մասնակցելո՞ւ է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, քանի որ ծնողները պահանջում էին, որ նա ևս ներկա լինի, Սարգսյանն արձագանքեց.
«Ես նման պահանջ չեմ լսել, կհանդիպենք, տեղում կհասկանանք»:
Այս պնդմանը անհետ կորած զինծառայողներից մեկի ազգականը պատասխանեց.
«Չէ, լսել եք, Դավիթ Տոնոյանն անպայման պետք է ներկա լինի»: