«Տոնոյանն ասեց՝ ես իրավասու չեմ ձեր հարցերին պատասխանել, որովհետև ինքը ոչ մի բան էլ չի աշխատել, որ մեր հարցերի պատասխանն իմանա». անհետ կորածի մայր

Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին ՊՆ-ի առջև: Մի կին, ով արդեն 36 օր փնտրում է իր տղային, լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ոչ մի շինությունում ողնաշարավոր մարդ չկա, որ հելնի ստույգ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ անենք: Իմ տղան Հադրութում էր ծառայում: Հոկտեմբերի 14-ին վերջին անգամ խոսացել եմ ու էլ չգիտեմ՝ հիմա որտեղ ա, ինչ ա: Որ կողմ գնում ես, ասում են՝ մարմին, դի, ինչի համար»:

Անհետ կորած զինծառայողի մայրը նշեց, որ դիմել են բոլորին, օրեր առաջ հանդիպել են Պն արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանին:

«Ոսկանյանի նույն նախադասությունը, ինչ այստեղ ասեց, մենք լսել ենք հինգշաբթի օրը, ոչ մի բառ, ոչ մի տառ չավելացրեց, չպակասացրեց»,- ասաց կինը:

Նա նշեց, որ իրենց ցույց են տվել քարտեզներ, ասել, որ մտել են ինչ-որ դիրքեր՝ տղաներին գտնելու:

«Սուտի խզբզանքներ են, ուրիշ ոչ մի բան: Ասում էր՝ էս դիրքը ստեղ ենք մտել, էն դիրքն ընդեղ ենք մտել, վսյո, ուրիշ ոչ մի բան: Դա ծնողին չի հուսադրում ոչ մի ձևով: Մեզ էն օրը Տոնոյանն ասեց՝ ես իրավասու չեմ ձեր հարցերին պատասխանել, որովհետև ինքը ոչ մի բան էլ չի աշխատել, որ մեր հարցերի պատասխանն իմանա»:

Տեսանյութեր

Լրահոս