
«Սասուն Միքայելյանը վիրավորվեց, բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս». Անհետ կորածի ծնողը՝ Նաիրի Սարգսյանին

Այսօր Պաշտպանության նախարարության առջև կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանց հետ հանդիպելու էին եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այսօր ժամը 2-ին վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել անհայտ կորածների հարցով:
«Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի մեր տղաների հարցերով և բոլոր ծնողներին անխտիր պատասխան տրվի, թե իրենց երեխաները որտե՞ղ են գտնվում, այս պահին ի՞նչ վիճակում են, ե՞րբ է հնարավոր նրանց հայտնաբերել, ժամկետների հետ կապված, սոցիալական երաշխիքների հետ կապված, բոլոր հարցերը պետք է շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ գտնեն: Բացի այդ, վարչապետն ինձ հանձնարարել է, որ հանդիպում կազմակերպեմ անձամբ իր հետ: Հենց վաղվանից սկսած հանդիպումներ պետք է նախաձեռնենք»,- ասաց Սարգսյանը:
Վարչապետի օգնականի այս պնդումներին անհայտ կորած զինծառայողների հարազատներից մի կին հակադարձեց.
«Ամսի 5-ից տեղեկություն չունենք, դուք նոր հանձնաժողո՞վ եք ստեղծում: Սասուն Միքայելյանը վիրավորվեց, բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս, դա ճի՞շտ է»:
ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն ասաց, որ երեկ Մատաղիսից, Մարտունուց և դեպի աջ գնացող կետերից հանել են մարմիններ:
«Արդեն տեղյակ եք, ամսի 12-ից սկսած հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, ՌԴ-ին, մերոնք գտնվում են առաջնագծում: Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել, ծնողները տեղյակ են, մարմիններ ենք հանում, այս պահի դրությամբ շարունակվում է»,- ասաց Ոսկանյանը և վստահեցրեց, որ գործընթացը 24 ժամ շարունակվում է:
Վստահեցումներին, որ բոլորն էլ աշխատում են, ծնողներն արձագանքում են, որ արդյունքը չեն տեսնում:
«Դուք ձեր կառավարական աթոռներին նստել, մեզ առ եք համարում»,- ասաց մի կին: