Արման Թաթոյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնող ավազակախմբերը ստեղծվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից. Ավետիք Իշխանյան

«Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ ողջ պատերազմի ընթացքում եթե Հայաստանում մի պետական կառույց կար, որն աշխատում էր արդյունավետ, իր ուժերի գերլարումով ու նույնիսկ դրանից վեր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր: Համեմատություններ անե՞նք, թե՞ բոլորին հայտնի է… Եվ կառավարությունը, և Պաշտպանության նախարարությունը, և Սոցապ նախարարությունը, և Արտաքին գործերի նախարարությունը ցույց տվեցին առնվազն իրենց անկարողությունը, էլ չեմ ուզում խոսել ապիկարության, դավադրությունների տեսության ու կոռուպցիայի մասին»,- խոսելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դեմ վերջին օրերին սկսված հարձակումների ու անձնական սպառնալիքների տարափի ու դրա պատճառների մասին՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Վերջինս կարևորեց նաև ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքները և խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, հումանիտար աղետի հետ կապված՝ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի համատեքստում և  ներհայկական կյանքում նրա հորդորներն ու հայտարարությունները նկատի ունենալով՝ ասաց, որ այդ աշխատանքն իսկապես հիացմունքի է արժանի:

«Մենք տեսանք, թե ինչքան կարևոր է պետական անկախ կառույցի դերը, որը չի ենթարկվում գործադիր իշխանությանը: Իհարկե, անձի գործոնը նույնպես կարևոր է, բայց սա ցույց տվեց, թե ինստիտուցիոնալ անկախությունը որքան անհրաժեշտ է»,- նշեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ զարմանալիորեն, դեռևս պատերազմից առաջ Արման Թաթոյանի նկատմամբ արդեն սկսվել էին հարձակումները, և ուշագրավ է, որ Հանրային խորհրդի նախագահի կողմից դրանք սկսվեցին. ուղղակի զարմանալի է, որ ՄԻՊ-ն իր գործն է կատարում, բայց նրա շուրջ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ:

«Բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, ուղղակի երևակայությունից դուրս է: Արման Թաթոյանի նկատմամբ հիմնական սպառնալիքները հնչում են, այսպես կոչված, ավազակախմբի կողմից, որի անունն է «Հեղափոխության պահապաններ»: Բնական է, որ այդ ավազակախմբերը ստեղծվել են անձամբ վարչապետի կողմից՝ ահաբեկելու համար մարդկանց: Բավական չէ, որ նրան են ենթարկվում և նրա քմահաճույքներն են կատարում իրավապահ մարմինները, դեռ մի բան էլ նա ստեղծել է ավազակախմբեր, որոնք ահաբեկում են Մարդու իրավունքների պաշտպանին»,-  ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե նա կարծում է, որ Արման Թաթոյանի վրա հարձակումներն ուղղորդված են անձամբ Նիկոլ Փաշինյանի՞ կողմից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ ինքն արձանագրում է, թե ինչ է կատարվում:

«Նրանք ստեղծված են վարչապետի կողմից, և, եթե ուղղորդված չեն, ապա կսաստվեին նրա կողմից: Ուրեմն, առնվազն, եթե նույնիսկ ուղղորդված չեն, նա հավանություն է տալիս դրան»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Ըստ նրա՝ ՀՀ ՄԻՊ-ի դեմ արշավի մեջ ներգրավված է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկա» անվամբ, և նրա նոր ղեկավարը, ըստ հավաստի աղբյուրների, անդամ է, կամ  առնվազն սերտ կապեր ունի «Հեղափոխության պահապանների» հետ:

«Իմ ունեցած տվյալներով՝ այդ ամենը հովանավորվում է բավական բարձր մակարդակով, Ազգային ժողովի որոշ իմքայլական պատգամավորների կողմից: Եվ այստեղ ամենազարմանալին այն է, որ այդ մարդիկ ոչ միայն այդ «ֆեյքերի ֆաբրիկան» են օգտագործում, այլև դրանց միջոցով փորձում են մոլորեցնել ժողովրդին, քանի որ ժողովրդի բավականին մեծ հատված իսկապես չգիտի ՄԻՊ գործառույթների մասին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ինչպես նշում է իրավապաշտպանը, այն, որ Արման Թաթոյանին մեղադրում են գերիների հարցով թերանալու մեջ, առնվազն զարմանալի է:

«Եվ դա այն դեպքում, երբ նա իր ողջ ուժն ու եռանդը դրել է այդ գործում ՄԻՊ մանդատի իրավասության շրջանակում: Նրան մեղադրում են, թե ինչու աշխատանք չի տանում, երբ ադրբեջանցիներ կան Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհին: Իրենց վարչապետի, պետական կառույցների ապիկարությունը փորձում են բարդել ՄԻՊ-ի վրա»,- նշեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը պնդում է՝ սա հերթական խայտառակությունն է:

«Ես չեմ ուզում իրավապահ մարմիններին կոչ անել զբաղվել սրանով, որովհետև եթե մենք ունենայինք անկախ իրավապահ մարմիններ, ապա այդ ավազակախմբերը նախ չէին գործի՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում դրանց հարցերը վաղուց լուծված կլինեին: Մենք չունենք պետական շահը պաշտպանող իրավապահ մարմիններ: Նրանք, փաստորեն, պաշտպանում են սուտը, կեղծիքը և ապիկար վարչախմբին: Ցավոք, այս է մեր իրականությունը»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս