«Դաշտերը մնացել ա, խրամատները դաշտերով են քանդել, անասունն ամեն վայրկյան կարող ա անցնի իրանց մոտ, անցնում էլ ա, որ անցնում ա, էլ հետ չենք կարա բերենք». Դավիթ Բեկի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը, որը սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմ հետևանքով, ըստ համայնքի վարչական ղեկավարի, Հայաստանի ամենաշատ տուժած գյուղն է, արդեն 2 շաբաթ սահմանակցում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը հայտնեց, որ այս երկու շաբաթվա ընթացքում սահմանի ամրության ու անվտանգության ապահովման համար համայնքի բնակիչներն ու ՄՈԲ ուժերն իրականացնում են ինժեներական աշխատանքներ:

«Դե, գործեր ենք անում, էլի: Ինժեներական աշխատանքներ ենք կատարում: ՄՈԲ-ից էլ կան տղերք, տարբեր խմբեր կան, խմբավորումներ:

Էս պահին հանգիստ ա: Ո՞նց ասեմ, վստահելի չի, դե, ամեն դեպքում, թուրք ա: Բայց էս պահին նորմալ ա: Հանգիստ վիճակ ա»,- ասաց Բենիամին Պողոսյանը:

Համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ բնակիչների տրամադրությունը նորմալ է,  «կամաց-կամաց անցնում են իրենց կյանքին»: Բենիամին Պողոսյանի խոսքով՝ համայնքի բնակիչների հիմնական մասը համայնքում են:

«Առայժմ նման մարդ չկա, որ որոշած ըլնի դուրս գա»,- ասաց Պողոսյանը:

Դավիթ Բեկ համայնքը հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 9-ը «պատերազմի մեջ էր»: Ամենաուժեղ հրետակոծությունը եղել էր նոյեմբերի 2-ին, երբ զոհվել էր 1 քաղաքացիական անձ, 2-ը վիրավորվել էին: Պատերազմական օրերին համայնքն ունեցել էր 3 զոհ, 7 վիրավոր:

Համայնքը ունեցել էր նաև նյութական կորուստներ: Անասնագոմեր ու շենքեր էին վնասվել: Շենքերի մի մասի պատուհաններն էին ջարդվել, ընդհանուր առմամբ վնասվել էր 60-70 տուն:  Վնասվել էր նաև համայնքի գերեզմանատունը, բնակիչների մեքենաներ:

Բենիամին Պողոսյանի փոխացմամբ՝ վնասները փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանը չափագրումներ է անում: Թե երբ կլինի փոխհատուցումը, դեռ հայտնի չէ:

«Առայժմ չափագրում ենք վնասները: Չափագրում ենք, տեսնենք՝ ինչն են տալու: Էս պահին չափում ենք, չենք վերջացրել»,- նշեց Բ. Պողոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են համայնքի բնակիչները վերաբերվում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ սահմանակցելուն, Դավիթ Բեկ համայնքի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը արձագանքեց.

«Պարզ չի՞, որ շատ վատ: Էլ չի լինի, անասուն են պահում, չի լինի, դաշտերը մնացել ա, խրամատները դաշտերով են քանդել, հողերը էլ չի օգտագործվելու, էդ պարզ ա, անասունն ամեն վայրկյան կարող ա անցնի իրանց մոտ, անցնում էլ ա, որ անցնում ա, էլ հետ չենք կարա բերենք: Էդ ա»:

Տեսանյութեր

Լրահոս