«Էնքանից հետո էդ հանգիստը մեր ինչին ա պետք: Էս պահին մենք ավելի շատ տխրում ենք, որ հանգիստ ա». Դավիթ Բեկի վարչական ղեկավար

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման համաձայն՝ մարտական գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Սա հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

«1. Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, հետագայում Կողմեր, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

2. Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»,- ասված է հայտարարության մեջ:

168.am-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանի հետ: Վերջինի խոսքով՝ այսօր իրավիճակն արդեն համայնքում հանգիստ է, սակայն նշեց, թե այդ հանգստությունն իրենց  չի ուրախացնում:

«Երեկ լրիվ պատերազմ էր, տենց ասեմ: Ոնց ասեմ՝ 3 զոհ ունեինք, մի 7 վիրավոր, չհաշված թեթև վիրավորները: Դավիթ Բեկի ներսում: Դավիթ Բեկը հոկտեմբերի 22-ից պատերազմի մեջ ա: Էդ  նո՞ր եք հասկանում: Ամսի 22-ից, հոկտեմբերի 22-ից մինչև օրս Դավիթ Բեկը պատերազմի մեջ ա: Էսօր հանգիստ ա: Էսօր քեզ համար պարզ չի՞՝ խի ա հանգիստ: Բա էնքանից հետո էդ հանգիստը մեր ինչի՞ն ա պետք: Էս պահին մենք ավելի շատ տխրում ենք, որ հանգիստ ա:

Բայց երեկվա վիճակը ծանր էր: Դե ինչ ասեմ: Էսօրվա վիճակն էլ հասկանալի ա, պրոստը մեր գյուղացոնց համար, ոնց ասեմ, էս պահը նենց անհասկանալի ա, լուչշե, ավելի ճիշտ, կարելի ա էս պահին կռիվ ըլնի, չեմ էս հանգիստը, որովհետև մենք ենք տուժվել:

Հայաստանի Հանրապետության սահմանագիծը գիտե՞ք  որտեղ ա, Դավիթ Բեկն ա, չէ՞: Ամբողջ Հայաստանի սահմանագծով, երկայնքով մենակ Դավիթ Բեկն ա տուժվել: Ոչ մի գյուղ, ոչ մի տեղ, ոչ մի տեղ էդքան չի տուժել՝ թեկուզ Ղափանի շրջանում, թեկուզ Գորիսի շրջանում: Պատերազմը մենակ ստեղ ա եղել: Ինչպես եղել էր, ոնց ասեմ, Կուբաթլու, Զանգելան, Ջաբրայիլ, նույն կռիվը ստեղ ենք տարել՝ ամսի 22-ից մինչև օրս, բացի էսօրվանից:

Ես անմիջապես մասնակից եմ բոլորի հետ, ոչ մի հատ էլ զորք չկար ստեղ, զորք չկար, լրիվ  մեր կամավորական  ջոկատներն էին, էդ էլ կարամ ասեմ: Ոչ մի զինծառայող մեր հետ չկար: Ասեմ, որ  հասկանան՝ ինչ էր կատարվում:

Ամսի 16-ից մենք սկսել ենք, 17-ին արդեն ինժեներական աշխատանքներ կատարել, 19-ին զենք են բերել, զենք ենք ստացել, էդ վիճակն էր մեր մոտ, 22-ից էլ սկսված՝ սկսեց հրետակոծությունը: Դիրքեր են գրավել, դիրքեր ենք վերցրել, մեզ են գրավել, մենք նորից ենք վերցրել: Ոնց ասեմ՝ նույն պատմությունը, ոնց որ Ջաբրայիլում, նույն պատմությունը: Ջաբրայիլից մեր տղերքը մեզ օգնության են եկել, ասում են՝ Ջարբայիլում նման դեպք մենք չենք տեսել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բենիամին Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս