Ի վերջո, ո՞վ է այս ամենի պատասխանատուն՝ նախարարնե՞րը, թե՞ կառավարության ղեկավարը

Նիկոլ Փաշինյանը սկսել է մաղել կառավարության կազմը։ Փոխում է նախարարներին՝ մոռանալով, որ այս ամենի թիվ 1 պատասխանատուն ոչ թե նախարարներն են, այլ կառավարության ղեկավարը։ Ու եթե պիտի փոխվի, առաջին հերթին կառավարության ղեկավարը պիտի փոխվի։ Նրա ղեկավարած կառավարությունն է ձախողել ամեն ինչ՝ սկսած պատերազմից, վերջացրած տնտեսությամբ ու սոցիալական իրավիճակով։

Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում։ Այնպես չէ, որ դա պայմանավորված է զուտ ղարաբաղյան պատերազմի տխուր հետևանքներով։ Մինչ այդ էլ տնտեսական ու սոցիալական իրավիճակը Հայաստանում բարվոք չէր ու դրա պատճառը պատերազմը չէր։ Չնայած պատերազմն էլ ավելի է մեծացրել ռիսկերը։

Այն, ինչ անում է վարչապետը՝ կառավարության կազմը փոխելով, ոչինչ չի տալու։ Խնդիրը ոչ այնքան՝ կառավարության կազմի, որքան՝ մթնոլորտի մեջ է։

Պատերազմից հետո Հայաստանում ձևավորված մթնոլորտը ոչ մի կերպ չի նպաստում տնտեսության զարգացումներին։ Որքան այս իրավիճակը երկար ձգվի, այնքան վատ՝ ինչպես տնտեսության ու տնտեսական ոլորտի մասնակիցների, այնպես էլ՝ ընդհանրապես պետության ու հասարակության համար։ Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ, հետևանքները հետո ենք տեսնելու։ Փոխարենը մտածելու այդ մասին, իշխանությունները մտահոգված են իրենց քաղաքական ապագայով։ Թեև պարզ է, որ այս իշխանությունը սպառել է իրեն և ապագա չունի։

Կառավարության կազմի փոփոխություններով, էական չէ, թե դրանք ինչպիսին կլինեն, խնդիրը չի լուծվում։ Իշխանությունն ինքն է կորցրել վստահությունը, և անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կարվեն կառավարության կազմում, դրանից երևույթը չի փոխվում։ Անիմաստ է հույսեր փայփայել, որ աթոռներին կառչելով և ժամանակ ձգելով՝ հնարավոր է վերականգնել վստահությունը։

Երկիրն այս վիճակին հասցրած, բոլոր ոլորտներում աշխատանքները տապալած և խայտառակ պարտություն կրած կառավարությունը վստահությունը վերականգնելու շանս չի կարող ունենալ։ Յուրաքանչյուր օր նրա մնալն ավելացնում է երկրի կորուստները։ Այն ի վիճակի չէ երկիրն ու տնտեսությունը դուրս բերել անդունդից, որի մեջ ներքաշել է իր 2,5 տարվա անփառունակ աշխատանքի հետևանքով։ Երկրում վստահությունը վերականգնելու համար հարկավոր է, որ այն օր առաջ հեռանա՝ կառավարության ղեկավարով հանդերձ։

Ի վերջո, այս ամենի պատասխանատուն ոչ թե առանձին նախարարներն են, այլ առաջին հերթին՝ վարչապետը։ Սա նրա, նոր իր ղեկավարած կառավարության անդամների ձախողումն է։ Ձախողված ղեկավարը ապագա չունի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարության կազմը։

Հիմա մեզ անհրաժեշտ են ոչ թե՝ պոպուլիստ ու հասարակությանը ստերով կերակրող, իրենց աշխատանքի կարևորությունը չհասկացող պաշտոնյաներ, այլ՝ ճգնաժամային կառավարիչներ։ 2,5 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունները երկիրն ու տնտեսությունը ղեկավարել են մանիպուլյացիաներով ու կեղծարարությամբ։

Հաշվարկային կամ վիճակագրական աճերը ներկայացրել են «աննախադեպ» ձեռքբերումներ ու փորձել են դրանով խաբել հասարակությանը՝ իբր թե տնտեսություն են զարգացնում։ Իրականում այդ ընթացքում բացարձակ հիմքեր չեն ստեղծվել տնտեսություն զարգացնելու համար։ Չնայած տնտեսություն զարգացնելու համար անհրաժեշտ էին ներդրումներ, այն էլ՝ ուղղակի ներդրումներ, կառավարությունն ու իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ներդրողները ոչ միայն չգան, այլև գնան Հայաստանից։ Այդ պայմաններում նրանք հույսը դրեցին վարկերի վրա։ Ընդ որում, այն վարկերի, որոնց տոկոսները երկնիշ են ու երբեմն հասնում են ընդհուպ 18-20-ի։

Մեծ ունակություններ պետք չէր հասկանալու համար, որ այսպիսի թանկ փողերով տնտեսություն չեն զարգացնում։ Այսպիսի թանկ փողերով տնտեսությունը կարող է ընդամենը ժամանակավոր գոյություն պահել։

Զարմանալի չէ, որ անցած տարվա «աննախադեպ» տնտեսական աճերից ու «թռիչքային» զարգացումներից հետո, որոնցով այդքան հպարտանում էր կառավարության ղեկավարը, առանց խորանալու, թե դա ինչի արդյունք է, այսօր ունենք նույնքան աննախադեպ անկումներ ու կորուստներ։ Ու դրանք ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները չեն։

Պատերազմի հետևանքների վերաբերյալ տվյալների վիճակագրություն դեռ նոր պիտի հրապարակվի։ Բայց մինչ այդ էլ տեսնում ենք, որ տնտեսական իրավիճակը նախանձելի չէ։ Ու դա երևում է գրեթե բոլոր առումներով։

Տնտեսության իրական հատվածում զարգացումներ չկան։ Ընդհակառակը, տնտեսության և, առաջին հերթին, արդյունաբերության կառուցվածքը գնալով վատանում է։

Նվազում է վերամշակող արդյունաբերության կշիռը։ Վերամշակող արդյունաբերությունը, որը պիտի գար փոխարինելու ընդերքին, ինչպես ժամանակին սիրում էր ասել Նիկոլ Փաշինյանը, դոփում է տեղում։ Վերամշակող արդյունաբերությունն անկման մեջ է։ Արդյունաբերության միակ ճյուղն ընդերքի շահագործման վրա նստած հանքարդյունաբերությունն է, որն աճ ունի, այն էլ՝ երկնիշ աճ։ Ու այդ աճի հաշվին դեռ կարողանում ենք զսպել արդյունաբերության անկումը։ Բայց դա ոչ թե ձեռքբերում է, այլ ձախողում։

Ընդերքը բոլորն էլ կարող են քանդել ու արտահանել, ինչպես ժամանակին սիրում էր ասել Նիկոլ Փաշինյանը։ Հարկավոր է ոչ թե ընդերը քանդել-արտահանել ու ցույց տալ, թե աճեր ունենք, այլ տնտեսություն զարգացնել։ Բարձր տեխնոլոգիաների վրա ձևավորված տնտեսությունից էինք խոսում, որը պիտի գար փոխարինելու ընդերքի շահագործման վրա հիմնված արդյունաբերությանը և հետամնաց գյուղատնտեսությանը։

Բայց ի՞նչ ունենք հիմա. անմխիթար տնտեսական իրավիճակ ու քանդվող տնտեսություն, որը վերականգնելու համար մեծ ջանքեր են պահանջվելու, ֆինանսական ու նյութական լուրջ ռեսուրսներ։ Եվ, որ շատ ավելի կարևոր է, դրան հասնելու համար դեռ պետք է կարողանալ վերականգնել դրսի ու ներսի վստահությունը երկրի ու տնտեսության նկատմամբ։ Առանց վստահության վերականգնման՝ անհնարին է լինելու վերականգնել տնտեսությունը։

Հարկավոր է կարճ ժամանակահատվածում փոխել երկրի մթնոլորտը, ստեղծել այնպիսի միջավայր, որ կապիտալը չգնա երկրից։ Այլապես դա հերթական ծանր հարվածը կարող է լինել անկման մեջ գտնվող ու ֆինանսական միջոցների մեծ կարիք ունեցող մեր տնտեսությանը։

Առանց այդ էլ կապիտալը վերջին տարիներին Հայաստանում իրեն խիստ անհանգիստ է զգում։ Հիմա առավել ևս անհանգստությունները խորացել են։ Եթե ժամանակին քայլեր չարվեն այս անկայունությունը հաղթահարելու և անառողջ միջավայրը լիցքաթափելու համար, ապա շուտով կապիտալն ավելի մեծ տեմպերով կգնա։ Իսկ թե դա ինչ է նշանակում տնտեսության ու հատկապես՝ ֆինանսական համակարգի համար, դժվար չէ պատկերացնել։

Թեև իշխանություններին այդ ամենը կարծես քիչ է հետաքրքրում։ Կարևորն իրենց աթոռներն են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս